ՀՀ կառավարությունը 43 մլրդ դրամ է զիջում հողի հարկի և գույքահարկի պարտքերի դիմաց

ՀՀ կառավարությունը 43 մլրդ դրամ է զիջում հողի հարկի և գույքահարկի պարտքերի դիմաց

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրավրի 23-ին կայացած նիստում փոփոխություններ է մտցրել մի շարք օրենքներում, որոնք առնչվում են հողի հարկին և գույքահարկին: Ինչպես մամուլի ծառայության ճեպազրույցին հայտարարել է , ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, վերջին տարիներին չի առաջարկվել հողի հարկի և գույքահարկի հավաքման արդյունավետ մեխանիզմ, ինչի պատճառով կառավարությունը գնացել է հարկային զիջումների: Ըստ նրա, այն քաղաքացիների համար, ում պարտքը կուտակվել է նախքան 2008թ, այն ամբողջովին զրոյացվելու է, սակայն սահմանափակումներով` հողի հարկի գծով` մինչև 2 մլն դրամ և գույքահարկի գծով` մինչև 1 մլն դրամ: 2008-2010թթ ընթացքում պարտքերի կուտակման դեպքում, կիրառվելու է մեխանիզմ, որի համաձայն պարտք եղողին առաջարկվում է վճարել հիմնական գումարը և միաժամանակ հնարավորություն ստանալ համամասնորեն զրոյացնել տուգանքները մինչև 2012թ դեկտեմբերի 31-ը: Նրանց համար, ում պարտքը բավականին մեծ է, առաջարկվում է պայմանագիր կնքել տեղի ինքնակառավարման մարմինների հետ և հաստատել պարտքի վճարման գրաֆիկը, որի վերջնաժամկետն է ոչ թե 2012թ դեկտեմբերի 31-ը, այլ մի քանի ամիս ավելի ուշ: Այն քաղաքացիները, ում հողի հարկի պարտքը գերազանցում է 2 մլն, իսկ գույքահարկը` 1 մլն-ը, ստիպված կլինեն ամբողջությամբ վճարել այն: Վաչե Տերտերյանը հայտնել է, որ պարտքի մարման ժամկետ է սահմանվել 10 տարին:

Նա ընդգծել է, որ այսօրվա դրությամբ հողի հարկի պարտքը կազմում է 16.4 մլրդ դրամ, իսկ տուգանքները` 9.8 մլրդ դրամ, իսկ գույքահարկի պարտքը` 11.6 մլրդ դրամ, տուգանքները` 6 մլրդ դրամ: Նա նաև ընդգծել է, որ այս գումարների 60-70 տոկոսը բաժին է ընկնում գյուղաբնակներին:

Հանդես գալով կառավարության նիստին` վարչապետ Տիգրան Սարգսայնն ընդգծել է, որ ճգնաժամային տարիներին առաջացել են դժվարություններ` կապված հարկային պարտականությունների իրականացաման հետ: «Նման օրենսդիր նախաձեռնությամբ հանդես գալով` կառավարությունը մոտ 43 մլրդ դրամով զիջում է գյուղատնտեսության բոլոր ոլորտներին»,-ասել է նա: Ընդ որում, վարչապետը հավելել է, որ նման որոշումը նաև լուրջ պոտենցիալ է` տնտեսական աճի խթանման տեսանկյունից, քանի որ գյուղատնտեսության վրա դրված հարկային բեռը էակապես թեթևանում է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---