Վոկալիստ Արսեն Ստեփանյանը ճանաչվել է Կոնսերվատորիայի լավագույն ուսանողը

Վոկալիստ Արսեն Ստեփանյանը ճանաչվել է Կոնսերվատորիայի լավագույն ուսանողը

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը մարտի 1-ին «Հրայր և Մարթա Ալբարյանների անվան կրթաթոշակ» և դիպլոմ շնորհեց Երևանի պետական կոնսերվատորիայի «Լավագույն ուսանող 2011» վոկալիստ Արսեն Ստեփանյանին: Ծրագիրը հովանավորում են Հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Հրայր և Մարթա Ալբարյանները:

Բարերար ամուսինների սահմանած ամենամյա անվանական կրթաթոշակը` 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և դիպլոմ, շնորհվում է 2009 թվականից` առաջադեմ ու շնորհալի ուսանողներին սատարելու նպատակով: Այն 2009 թվականին շնորհվել է ջութակահարուհի Մերի Խոջայանին, 2010-ին` սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանին, 2011-ին` ջութակահարուհի Աննա Մարգարյանին:

Արսենը Կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի, ակադեմիական երգեցողության բաժնի չորրորդ կուրսի ուսանող է: 2010 թվականին մասնակցել է Դելֆյան խաղերին և արժանացել «Ակադեմիական երգ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի և «Ոսկե մեդալի», իսկ 2011 թվականին դարձել է 2-րդ հանրապետական մրցույթի դափնեկիր:

«Այս գումարն ինձ կօգնի մասնակցել մարտին Մոսկվայում կայանալիք Մ. Մագամաևի անվան միջազգային երգի մրցույթին: Մեծ ակնկալիքներով այս տարի մասնակցում եմ նաև ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ 2011 մրցույթին»,- իր առաջիկա ծրագրերի մասին ասաց Արսենը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---