Առաջին անգամ հանրության դատին են ներկայացվել Չարենցի մի շարք նոր դիմանկարներ

PanARMENIAN.Net - Հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բացվել է «Եղիշե Չարենց` դիմանկարների շարք» ցուցահանդեսը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, ցուցահանդեսում ներկայացվելու են Չարենցի 16 դիմանկարները, որոնց մի մասն արվել են բանաստեղծի սերնդակիցների, մյուս մասը` ժամանակակից նկարիչների կողմից: Հակոբյանի խոսքով նկարների մեծ մասը հանրությանը ներկայացվելու են առաջին անգամ և արխիվային նյութի մաս են կազմում: Ցուցահանդեսը տևելու է 2-3 շաբաթ, որից հետո ողջ տարվա ընթացքում տեղի են ունենալու բազմապիսի թեմատիկ ցուցահանդեսներ:

Չարենցի 115-ամյակին նվիրված հանդսությունները շարունակվելու են ողջ տարվա ընթացքում: Սպասվում են տարբեր տիպի միջոցառումներ` ասմունքի փառատոն, չարենցյան ընթերցումներ, ցուցահանդեսներ և այլն:

Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ-ին Կարս քաղաքում` բազմազավակ ընտանիքում: 1908թ. ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձևավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:

1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն և Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում և միանում Արևմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները: 1915թ. Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երևան և սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:

1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Գրողին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության և ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումներն ընտանիքի հանդեպ:

Որոշ ժամանակ անց նրան ձերբակալում են և հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Անհայտ է նաև գրողի գերեզմանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---