15 մարտի 2012 - 12:03 AMT
Կառավարությունը որոշում է կայացրել, որ Մաշտոցի պուրակում բուտիկները կմնան 3 տարի

Այսօր առավոտյան Մաշտոցի պուրակի հանրային տարածքը պաշտպանող մոտ 50-60 ակտիվիստներ «Այգին մերն է» կոչերով ու «Պատժել օրենքը խախտողներին» կամ «Պատժել ոստիկանապետին, քաղաքապետին» պաստառներով մոտեցել էին Կառավարության շենքին, որտեղ անցնում է կառավարության նիստ. «Եթե ԱՊՊԱ, ապա ապամոնտաժել» վանկարկում են ցուցարարները:

Մաշտոցի պուրակի ցուցարարները պահանջում էին, որ Կառավաությունից ինչ-որ մեկն իրենց ընդառաջ գա ու պատասխան տա ոստիկանների հակասահմանադրական քայլի համար (խոսքը երեկ երեկոյան բռնի ապամոնտաժված վրանի մասին է), այլապես ցուցարարները կհամարեն, որ Կառավարությունն էլ է միանում վերոնշյալ հակասահաադրական քայլին:

Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը փորձեց հանդարտեցնել ցուցարարներին՝ կոչ անելով նրանց չխանգարել Կառավարության նիստին: Սակայն ցուցաարները նրան լսել անգամ չուզեցին՝ ասելով, որ այլևս ոստիկանության հետ ոչ մի ընդհանուր բան ունենալ չեն ցանկանում: Փոխգնդապետն էլ նշեց, որ երեկ երեկոյան վրանը հանելուց առաջ ցուցարարներին «1000 անգամ զգուշացրել են», ու ոստիկանությունը ոչ մի մեղք չի գործել, ոչ մի օրենք չի խախտել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կառավարությունը նոր որոշում է ընդունել, որ բուտիկները 3 տարով տեղադրվեն Մաշտոցի պուրակում: Ցուցարարները սպասում են մինչև որոշմանը ծանոթանան, նոր արձագանքեն, սակայն իրենց դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ հանրային տարածքը չի կարող դառնալ առևտրային կենտրոն:

Մաշտոցի պուրակի ակտիվիստները հիասթափված են. նրանք հեռանում են Կառավարության շենքի մոտից ու վերադառնում են պուրակ՝ նախապես մի լավ ամոթանք տալով Կառավարությանը

Ակտիվիստներից Եղիան հանդես եկավ հանրային տարածքների պաշտպանների անունից. «Մեզ չի վախեցնում ոստիկանների երեկվա արարքը: Մենք կդառնանք ավելի ուժեղ... մեր շարքերը կհամալրեն մարզերից եկած ակտիվիստները...»: