Հարավային Կովկասի երկրներից ոչ մեկը չի հետաքրքրվում հարեւաններով

Մանվել Սարգսյան.

Հարավային Կովկասի երկրներից ոչ մեկը չի հետաքրքրվում հարեւաններով

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի տարածաշրջանում ուժերի դասավորության մեջ ենթադրվող փոփոխությունները եւ լավատեսական հայտարարությունները` մինչեւ 2006 թվականի ավարտը ղարաբաղայան հակամարտությունը կարգավորելու հնարավորության մասին, բացահայտեցին նոր ուղղություններ եւ ուժերի ուղղվածության բաշխում: Տարածաշրջանում կարեւոր դեր սկսեցին կատարել արտաքին գործոնները եւ, առաջին հերթին, ԱՄՆ եւ եվրոպական կառույցների ուժեղացումը եւ Ռուսաստանի նահանջը իշխող դիրքերից: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է «Կովկաս» կենտրոնի վերլուծաբան Մանվել Սարգսյանը:
Ինչպե՞ս եք գնահատում ուժերի ներկայիս դասավորությունը տարածաշրջանում:

Փաստորեն, ոչ մի առաջընթաց չկա նոր որակի համակարգում հարավկովկասյան երկրները ներգրավելու վերաբերյալ տարածաշրջանի երկրների եւ համաշխարհային հանրության կողմից տարիներ շարունակ հռչակվող մտադրություններում: Այդ կապակցությամբ նկատելի են անհատական ակտիվացման փորձերը` Վրաստանը փորձում է հանգուցալուծել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ կտրուկ միջոցներով եւ նրեգրավվել եվրոպական կառույցներում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջ է քաշում Հայաստանի ամբողջական մեկուսացման ծրագիր, հույս ունենալով ստանալ միջազգային հանրության աջակցությունը: Հայաստանը փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ: Տարածաշրջանի երկրներից ոչ ոք չի հետաքրքրված հարեւաններով:

Իրականում, նման անհատական ակտիվացումն ուժեղացնում է տարածաշրջանի երկրների կախվածությունը այս կամ այն արտաքին գործոնից: Արտաքին ուժերի շահերը գնալով ավելի են շփման մեջ մտնում տարածաշրջանի այս կամ այն երկրի հետ: Հակամարտող երկրների միջեւ փոխզիջումը գնալով բարդանում է: Ասենք, որքան շատ է Հայաստանի ղեկավարությունը խոսում լուրջ զիջումների գնալու իր պատրաստակամության մասին Լեռնային Ղարաբաղի հարցում, այնքան շատ է Ադրբեջանի ղեկավարությունը ուժեղացնում ռազմատենչ ճարտասանությունը: Ախորժակ է բացվում` արտաքին ուժերի միջոցով ստանալ ոչ թե մի մասը, այլ ամբողջը:

Այսինքն, տարածաշրջանի երկրները իրական շեշտը դնում են ոչ թե փոխզիջման, այլ սեփական մտադրություններն իրականացնելու համար էքսկլյուզիվ արտաքին աջակցություն ստանալու վրա: Նշված օրինակում Ադրբեջանի կողմից ռազմական ռեվանշի թեման գերչազանցապես ընդգրկվում է անհրաժեշտ միջոցների առավել լայն շրջանակում, որ անհրաժեշտ են «տարածքները վերադարձնելու համար: Իլհամ Ալիեւը հոկտեմբերին հայտարարեց, թե բանակցային գործընթացի բացակայության դեպքում կքննարկի ցանկացած այլ տարբերակներ, սակայն ընդգծեց, որ «դա չի նշանակում, թե պետք է անմիջապես մտածել ռազմական գործողության մասին»: Այսինքն, առավել հստակ, քան նախկինում, նա նշեց, որ ռազմական գործողությունը վերջին քայլն է: Դրա համար ժամանակ է հարկավոր, որն, ըստ իրեն, Ադրբեջանի օգտին է աշխատում:

Ձեր կարծիքով, կոնկրետ ի՞նչ նկատի ունի Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիեւն արդեն հայտարարել է, որ անհրաժեշտ է Հայաստանի տոտալ տեղեկատվական, հաղորդակցային, քաղաքական եւ տնտեսական մեկուսացում: Նման ծրագիրը նա համարում է հաջողության գրավականը, ստիպելու համար Հայաստանին ընդունել Ադրբեջանի պայմանները: Ալիեւն ասում է Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցման Ադրբեջանի մտադրության մասին, առավել բարձր մակարդակի հարաբերությունները հաստատելու մտադրության մասին բոլոր այն երկրների հետ, ում հետ Հայաստանը լավ հարաբերություններ ունի (մասնավորապես, Իրանի հետ) եւ նույնիսկ դաշնային հարաբերություններ հաստատել: Ասվում է նաեւ սփյուռքում հայ լոբբի դեմ արդյունավետ պայքարի մտադրությունների մասին` հյուպատոսություններ բացելով այն երկրներում, որտեղ կա առավել ակտիվ հայկական սփյուռք: Մտադրություններ կան շարունակել Ղարաբաղի հարցը արծարծել բոլոր միջազգային կազմակերպություններում: Այսինքն, պայքարել Հայաստանի դեմ բոլոր ճակատներում:

Տարածաշրջանի խնդիրները չեն սպառվում այս երկու երկրներով` կա նաեւ ԵՄ շահագրգռվածությունը, հատկապես Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ Գործողությունների ծրագիր ստորագրելուց հետո:

Այո, Հարավային Կովկասի տարածաշրջանում կան ակտիվության առանձին ուղղություններ` դա արդեն իսկ հիշատակված ԵՄ ծրագիրն է, այսինքն տարածաշրջանի ներգրավումն է Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրին: Այստեղ ես պետք է նշեմ տարածաշրջանի առանձին երկրների հետ ԵՄ-ի շփման առանձին ուղղությունների ձեւավորման փաստը` հավանաբար, Եվրոպան նույնպես տուրք է տալիս տարածաշրջանի երկրների անհատական նախաձեռնություններին: Հարավային Կովկասում տարածաշրջանային ինտեգրացիայի հոտ անգամ չի գալիս, փոխարենը նախանշվում են եվրոպական ծրագրերին առանձին երկրների ինտեգրման ուղղությունները: Գլոբալ փոփոխությունների ներկայիս շրջանում քաղաքակիրթ աշխարհը գնում է ցանկացած էքսպերիմենտների հանուն ընդհանուր կայունության պահպանման եւ ամբողջ աշխարհում սուբյեկտների քաղաքական որակի աճի խրախուսման:

Կայունության ապահովման հին համակարգերը գնալով վատ են աշխատում եւ անհրաժեշտ է գլոբալ կարգ ու կանոնի ձեւափոխման մեթոդներ գտնել նվազ ապակառուցողական գործընթացների հիման վրա` խուսափելու համար տարբեր չկառավարվող տարածքների առաջացումից: Նկատելի է, որ այդ խնդիրները գնալով ավելի մեծ տեղ են զբաղեցնում արեւմտյան երկրների աշխարհաքաղաքականության մեջ: Եվ Հարավային Կովկասն, այդ իմաստով, ամենամեծ խնդիրը չէ: Պետք չէ մոռանալ ապակառուցողական շղթայի մասին` Իրան, Իրաք, Լիբանան: Կովկասյան խնդիրները առավել լոկալ են: Կա մի պահ եւս` Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հայաստանի առջեւ, օրինակ, Ռուսաստանն արդեն հարցը դրել է` կատարեք ձեր ընտրությունը: Իսկ թե ինչ է դա նշանակում դժվար է հասկանալ ոչ միայն մեր տարածաշրջանի երկրներին, այլ հենց Ռուսաստանի համար: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը մինչեւ վերջ հասկանում է, թե ինչն է ճիշտ: Աշխատանքն ընթանում է սովորության համաձայն, իսկ փոխադարձ պահանջների բնույթը հստակ արտահայտված տրամաբանություն չունի` այդպիսին է փոփոխություների շրջանի առանձնահատկությունը: Հաճախ, ինչպես կարելի է նկատել, տարածաշրջանի երկրների նախագահներն ուղղակի չեն հասկանում, թե ինչպես վարվեն, իսկ երկրների քաղաքական վերնախավը այնքան էլ հստակ չի հասկանում, թե ինչ են իրենցից ուզում: Չկա երկաթե տրամաբանություն` կա մոտեցումների տձեւություն եւ սեփական շահերի վատ իմացություն:

ԼՂՀ-ն ընդունեց Սահմանադրություն: Ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության ընդունմամբ տարածաշրջանում հայտնվեց նոր գործոն, որը կարող է օգտագործվել տարբեր միջազգային ատյանների եւ Ադրբեջանի կողմից: Այդ գործոնը բազմաթիվ հնարավորություններ է տալիս նաեւ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հանրաքվեն կարելի է չճանաչել, իսկ այ անտեսել որոշակի տարածքի բնակչության հավաքական կամքի արտահայտությունը հեշտ չի: Ի վերջո, հանրաքվեն այդ տարածքի առաջնային օրենքն է, իսկ որակավորել այդ օրենքը որպես ոչ իրավասու, այնքան էլ հեշտ չէ: Դա ոչ ոքի տրված չէ` աշխարհը ազգային օրենքից առավել օրինական ուրիշ ոչինչ չի տեսել:

Միեւնույն ժամանակ, հայ վերլուծաբանն ընդգծել է, որ ժողովրդներն իրենց կյանքով են ապրում: «Մյուսները կարող են միայն որոշել իրենց վերաբերմունքն այս կամ այն ժողովրդի գործողությունների հանդեպ: Կարող են ճանաչել նրա իրավունքը: Կարող են փորձել արհամարհանքով եւ ուժով նահանջի մղել ժողովրդին սեփական ճանապարհից: Դրանում է միջազգային կյանքի տրամաբանությունը: Այնպես որ, եթե ժողովուրդն ընտրել է իր ուղին, նա պետք է ապացուցի ինքն իրեն եւ բոլորին այդ ուղու արդյունավետությունը, եւ կարողանա պաշտպանել իր ընտրությունը: Մինչ այժմ ԼՂՀ-ում դա ստացվում էր` ժամանակը ցույց կտա, կա՞ այդ նախաձեռնությունը շարունակելու կամք: Իսկ աշխարհը միշտ ճանաչում է արժանիներին:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---