Վ.Օսկանյանը ԵՊՀ ուսանողներին է ներկայացրել ՀՀ Սահմանադրության հիմնական փոփոխությունները

PanARMENIAN.Net - «Կուզենայի անդրադառնալ բարեփոխումների բովանդակությանը»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: ՀՀ ԱԳՆ ղեկավարի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ցանկանում եմ ներկայացնել Սահմանադրության մեջ հիմնական եւ սկզբունքային փոփոխությունները: Այն է`

1. Մեր կառավարման համակարգում ստեղծվում են լուրջ հակակշիռներ իշխանության երեք թեւերի միջեւ.

- Խորհրդարանն ստանում է լուրջ լիազորություններ ի հաշիվ նախագահի լիազորությունների նվազման

- Վարչապետը, որը կներկայացնի ԱԺ մեծամասնությունը, նույնպես ստանում է լրացուցիչ լիազորություններ` դարձյալ նախագահի լիազորությունների նվազեցման հաշվին:

Այս երկու հանգամանքները հանգեցնում են ԱԺ-ի դերի բարձրացմանը, որի արդյունքում ինքնաբերաբար բարձրանում է մեր քաղաքական ուժերի դերը եւ կշիռը, հետեւաբար նաեւ` ձեւավորվում է առողջ քաղաքական դաշտ, նպաստում քաղաքական ուժերի կոնսոլիդացիային:

2. Սահմանադրական բարեփոխումները նպաստում են դատական համակարգի անկախությանը, ուժեղանում են մարդու իրավունքների վերաբերյալ դրույթները` առավել համահունչ դառնալով եվրոպական չափանիշներին: Այստեղ ուզում եմ հատուկ շեշտել. փոփոխված Սահմանադրությամբ շրջանառության մեջ է մտնում մի նոր հասկացություն, մի նոր տերմին. արժանապատվության գաղափարը, որը չկա նախորդում: Նախորդ Սահմանադրությունը կառուցվել է անհատի գաղափարախոսության վրա, նորը ենթադրում է առավել ինստիտուցիոնալ համակարգ. անհատից անցում է կատարվում դեպի ինստիտուցիոնալիզմ: Այստեղ առկա է մեթոդաբանական նոր մոտեցում, մեր իրականություն է ներմուծվում եվրոպական իրավամտածողությունը:

Սակայն նույնիսկ այն, ինչ ասացի, չենք կարող դիտարկել «այո»-ի հիմնական գործոն, քանի որ հասարակության մեջ կան շերտեր, որոնք մեր ներկա պայմաններում նախընտրում են ուժեղ նախագահական համակարգ, մյուսները կողմ են խորհրդարանական համակարգին:

Ուստի բովանդակությունից դուրս առավել մեծ պատկերի խնդիր կա, որի առջեւ կանգնած ենք. երկրի հեռանկարի, ժողովրդավարության գործընթացների խորացման, տնտեսական զարգացման եւ մեր ողջ հայկական ներուժի օգտագործման խնդիրը: Կարծում եմ, Սահմանադրական փոփոխությունների հարցը պետք է դիտարկենք այս տեսանկյունից, եւ դիտարկենք երեք մակարդակների վրա. 1.Բուն Հայաստանի, 2.Եվրոպական եւ 3.Սփյուռքի մակարդակների վրա:

1. Հայաստանի մակարդակով ստիպված ենք արձանագրել, որ այսօր գտնվում ենք սահմանադրական ճգնաժամի մեջ: Երկրի իրական սահմանադրական հենքը, որը պետական կարեւոր սյուներից մեկն է եւ որի վրա կառուցված է ողջ պետությունը եւ հասարակությունը, կենդանի, զարգացող օրգան է, բաբախող սիրտ: Այն իր կենսունակությունն ապահովելու համար սնվում է հինգ անոթներով.



1. Հենց ինքը` Սահմանադրական փոփոխություններով

2. Օրգանական կամ սահմանադրական օրենքներով

3. Սահմանադրության դրույթների հաճախակի մեկնաբանություններով

4. Դատական նախադեպերով

5. Միջազգային դատական նախադեպերով:



Մեր Սահմանադրության ընդունումից անցել է 10 տարի, եւ այդ ընթացքում այսպիսի բուռն զարգացումների ժամանակաշրջանում նրա մեջ որեւէ փոփոխություն չենք արել: Այսինքն, մեզ մոտ սնուցման այդ անոթը փակ է: Ներկա Սահմանադրությունը չի ենթադրում օրգանական օրենք, հետեւապես այդ անոթը նույնպես փակ է: Նույն պատկերն է Սահմանադրության հաճախակի մեկնաբանության հարցում. մեծամասամբ այստեղ նույնպես անոթը փակ է, որովհետեւ Կառավարության եւ Ազգային ժողովի որոշումներից մինչեւ այժմ միայն 6-ն են ուղարկվել Սահմանադրական դատարան` Սահմանադրությանը դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով: Համեմատության համար բերեմ մի քանի օրինակներ. 1996-2004թթ. Ավստրիայի Սահմանադրական դատարան է ուղարկվել 2863 որոշում, Խորվաթիայի ՍԴ` 2340, միջին եվրոպականը 2000-ից բարձր է, Ռուսաստանի ՍԴ է ուղարկվել 144 որոշում, Վրաստանի ՍԴ` 102: Իսկ Հայաստանի ՍԴ` ընդամենը 6, ինքներդ դատեք: Ուստի այս անոթը նույնպես բնական սնուցում չի ապահովում մեր իրավասահմանադրական հենքի կենսունակության համար: Հայաստանում դատական նապխադեպերի մասին չեմ ուզում խոսել հայտնի պատճառով: Միջազգային դատական նախադեպերը նույնպես աղքատիկ են, որովհետեւ առայսօր Հայաստանի վերաբերյալ այնտեղ որեւէ հարց չի քննարկվել եւ որոշում չի կայացվել: Հետեւաբար այս երկու անոթները նույնպես փակ են: Ուստի, Սահմանադրական փոփոխություններով բացում ենք այդ ամենակենսունակ անոթը: Մյուս կողմից, այդ փոփոխություններով մեր քաղաքացիներն արդեն հնարավորություն են ստանում իրենց կենսական զանազան հարցերով դիմել Սահմանադրական դատարան: Ապահովելով դատական համակարգի անկախությունը` մենք բացում ենք սնուցման մյուս ծորակը: Այս խնդիրը, որը, ցավոք, սահմանադրական քննարկումներից դուրս է մնացել, կարեւոր խնդիր է մեր պետությհան ապագա զարգացման գործում:



2. Եվրոպական հարթակ: Նախ արձանագրենք, որ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, մենք ստանձնել ենք բազմաթիվ պարտավորություններ: Դրանց մեծ մասն իրականացվել են, մնացել է մի փոքր հատված, որ առանց Սահմանադրական փոփոխությունների ուղղակի հնարավոր չէ իրականացնել: Դրանք են`



1. «Արդարադատության խորհրդի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ» օրենք

2. «Դատավորների կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք

3. «Երեւանի կարգավիճակի մասին» օրենք

4. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենք:



Մի խոսքով, պարտավորություն ենք վերցրել կատարել Սահմանադրական փոփոխություններ: Սակայն խնդիրը շատ ավելի մեծ է եւ անցնում է օրենքների սահմաններից դուրս: Մենք ուղղակի քաղաքական որոշում ենք կայացրել դառնալ Եվրոպական ընտանիքի անդամ: Այս առումով հատկանշական է, որ նույնիսկ եվրոպական մարմինները, չընկրկելով մեր ներքին գործերին միջամտելու մեղադրանքների առջեւ, բացահայտորեն մեր ժողովրդին ասում են, թե ինչ կարեւոր նշանակություն ունեն այս փոփոխությունները մեր երկրի ապագայի համար: Երեւի թե սա պատմական այն եզակի առիթներից է, երբ Եվրոպան այսքան շահագրգռված է մեզնով, եւ մենք ու նրանք խոսում ենք նույն լեզվով: Այս իմաստով, գնալով Եվրոպայի դեմ, մենք գնում ենք մեր ապագայի դեմ:



3. Սփյուռքի հարթակ: Դժբախտաբար, այս հարցը նույնպես դուրս է մնացել մեր քննարկումների տեսադաշտից:

Քաղաքական պատեհապաշտ այս կամ այն շահարկումներից դուրս, իրականում Սփյուռքը մեր ժողովրդի անբաժանելի մասն է: Նրանք Հայաստանից դուրս են հայտնվել ճակատագրի բերումով, սակայն չեն դադարել լայն առումով հայության մաս կազմելուց: Հետեւապես Հայաստան պետության բարոյական պարտքն է ուժեղացնել Սփյուռքի կապը Հայրենիքի հետ, նրանց ներշնչել մեր հանրության պատկանելիության եւ Հայաստանի հանդեպ պատասխանատվության զգացում: Մենք պետք է պայմաններ ստեղծենք մեր երկու հանրությունները առավելապես մերձեցնելու, հայությանը մոբիլիզացնելու, մեր ընդհանուր ջանքերը համատեղելու համար, Հայրենիքից դուրս ապրողներին ներգրավելու Հայաստանի քաղաքական, հասարակական եւ սոցիալական զարգացումների մեջ:



Սակայն այս պահին մի կողմ թողնենք երկքաղաքացիության շնորհման հարցը, դրա մասին կարելի է ավելի հանգիստ պայմաններում խոսել: Խոսենք երկքաղաքացիությունը մերժելու մասին: Չէ՞ որ դրանով մենք մերժում ենք Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք վերջին տասնամյակում ճակատագրի բերումով հայտնվել են նույն Ռուսաստանում եւ Լոս Անջելեսում: Այդ առումով այսօր կառավարությունում երեւի որեւէ մեկը ինձնից ավելի լավ չի պատկերացնում իրերի իսկական վիճակը. նախ որ իմ կենսագրությամբ ես իմ մեջ կրում եմ այդ երկու ինքնությունները, եւ երկրորդ, որովհետեւ իմ գործի բերումով, որպես արտաքին գործերի նախարար, քաջատեղյակ եմ, թե ինչպես ամեն օր տասնյակ Հայաստանի քաղաքացիներ են ներկայանում արտասահմանում մեր դիվանագիտական ներկայացուցչություններ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումով: Այսինքն այստեղ խոսքը գնում է արդեն ոչ թե օտարահպատակ հայերին ինչ-ինչ արտոնություններ շնորհելու մասին, այլ պարզապես եղածը կորցնելու: Ինչ-որ իմաստով կորցնելու նաեւ ապագան, քանի որ օտարահպատակ, Հայրենիքի հետ ոչ մի թելով չկապված հայը եւ նրա սերունդները վաղը կանգնելու են իրական ուծացման առաջ: Ուստի այսօր երկքաղաքացիության արգելքը հնարավորին չափ արագ վերացնելու այլընտրանք չունենք: Այլ հարց է արդեն երկքաղաքացիությունը օրենքով կարգավորելու խնդիրը: Սահմանադրական բարեփոխումներից հետո բնականաբար այդ հարցը կդրվի հասարակական քննարկման եւ կլսվեն թեր ու դեմ կարծիքներ, կբերվեն անհրաժեշտ հիմնավորումներ: Կարծում եմ, այն ամենը, ինչի մասին այստեղ խոսվեց ակնհայտ է դարձնում Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը թե մեր ներքին կյանքը կարգավորելու, թե արտաքին հարաբերությունների իմաստով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---