Հ.Տալվիտիե. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եկել է նոր մոտեցումների ժամանակը

PanARMENIAN.Net - Այժմ եկել է նոր մոտեցումների ժամանակը ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այնպես էլ այդ գործընթացում Եվրամիության մասնակցության համար: Այդ մասին Երեւանում կայացած հրաժեշտի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Նա նշել է, որ Եվրամիության համար քաղաքականության առաջնային ուղղություններն են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասի երկրների միջեւ ինտրեգրման զարգացման հետ մեկտեղ: Ըստ դիվանագետի, Հայաստանի եւ ԵՄ համագործակցությունը Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում հաջողությամբ է զարգանում: «Մենք դեռեւս սահմանափակվում ենք դրանով: ԵՄ-ն պատրաստ է աջակցել եւ օգնել Եվրոպական նոր հարեւանության ծրագրի մասնակից երկրներին: Եվրամիությանը անդամակցելու մասին խոսք չի գնում: Հայաստանն հաջողությամբ է համագործակցում նաեւ ՆԱՏՕ-ի (IPAP) ծրագրի շրջանակներում»,-ընդգծել է նա: Իր հերթին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ անդամակցումը ցանկացած եվրոպական կառույցի յուրաքանչյուր ինքնիշխան պետության գործն է: «Հայաստանը առավելագույնս է համագործակցում ՆԱՏՕ-ի հետ: Իսկ եթե Վրաստանը համարում է, որ իր անվտանգությունը կախված է ՆԱՏՕ-ին անդամակցելուց, դա նրա գործն է»,-ասել է ՀՀ արտգործնախարարը:



Նշենք, որ Հեյկի Տալվիտիեն ԵՄ հատուկ ներկայացուցիչն է Հարավային Կովկասում 2003 թվականից: «Առաջին անգամ ես եղել եմ Հայաստանում 1988 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո: Այն ժամանակ մենք շտապ օգնության մեքենաներ էինք բերել Ֆինլանդիայից: 1995-96 թթ. ես եղել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը»,-հիշեցրել է լրագրողներին ֆին դիվանագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---