Դեւլեթ Բախչելի. Արձանագրությունները թուրքական դիվանագիտության ամոթալի պարտությունն է

PanARMENIAN.Net - Հարկավոր է շտապ կերպով խորհրդարանից հետ կանչել հայ-թուրքական Արձանագրությունները, դրանք անվավեր հայտարարել եւ ներողություն խնդրել թուրք ժողովրդից: Այդ մասին հայտնեց թուրքական «Ազգայնական շարժում» (MHP) ընդդիմական կուսակցության նախագահ Դեւլեթ Բախչելին:



Բախչելին երկրի ղեկավարությանն ուղղված նամակով հանդես եկավ, որում ընդգծում է, որ հակառակ դեպքում Թուրքիայի ներկայիս կառավարությունը պատմության մեջ կմտնի որպես մի իշխանություն, որը կանխամտածված կերպով ապականեց ազգության արժանապատվությունն ու նրա շահերը:



Բախչելին անհանգստություն հայտնեց այն առիթով, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը արձանագրում է, որ Հայոց ցեղասպանության եւ Արեւմտյան Հայաստանի մասին Հայաստանի անկախության Հռչակագրի դրույթը փոփոխության ենթակա չէ, մինչդեռ թուրքերն ակնկալում էին դա: «Դրա հետ մեկտեղ չի ծրագրվում, որ Հայաստանը կճանաչի Կարսի պայմանագիրը, ինչպես նաեւ կդադարեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարը, իսկ ղարաբաղյան հիմնահարցն ընդհանրապես Արձանագրությունների ազդեցության ոլորտից դուրս է»,- նշեց նա` ավելացնելով, որ ստեղծված իրադրությունը գնահատում է որպես հայ-թուրքական Արձանագրությունները ստորագրած վարչապետ Ահմետ Դավութօղլուի ամոթալի պարտություն եւ ձախողում, հաղորդում է Son dakika-ն:



«Ազգայնական շարժում» (MHP) ընդդիմական կուսակցությունը «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական մի թեւն է եւ հանդես է գալիս հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման դեմ:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Կարսի պայմանագիրը կնքվել է 1991թ. հոկտեմբերի 13-ին մի կողմից քեմալական Թուրքիայի եւ մյուս կողմից Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների միջեւ Կարսի խորհրդաժողովի ավարտին: Այն կազմված է նախաբանից, 20 հոդվածներից եւ 3 հավելվածներից:



Ըստ 1-ին հոդվածի, ուժը կորցրած են համարվում այն պայմանագրերը, որոնք կնքվել են այն կառավարությունների միջեւ, որոնք նախկինում ապահովել են ինքնիշխանությունը պայմանավորվող կողմերի տարածքում: Այդպիսով իսկ չեղյալ էր հայտարարվում 1920թ. Ալեքսանդրոպոլի պայմանագիրը:



Անվավեր էին ճանաչվում նաեւ այն պայմանագրերը, որոնք կնքվել են երրորդ պետությունների հետ եւ վերաբերում էին անդրկովկասյան հանրապետություններին: Սակայնյ դա չէր տարածվում 1921թ. ՌԽՍՀ եւ Թուրքիայի միջեւ կնքված Մոսկվայի պայմանագրի վրա:



2-րդ հոդվածը հատկապես կարեւոր էր Թուրքիայի համար, քանի որ ըստ այդ հոդվածի, կողմերը չէին ճանաչում ոչ մի պայմանագիր կամ միջազգային ակտ, որը կարող էր պարտադրվել ուժով: Դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920թ. Սեւրի պայմանագիրը:



Ըստ 3-րդ հոդվածի, չեղյալ էր հայտարարվում կապիտուլացիոն ռեժիմը:



Ըստ 4-րդ հոդվածի, որոշվում է սահմանը Թուրքիայի եւ Անդրկովկասի հանրապետությունների միջեւ (սահմանի ավելի մանրամասն նկարագրությունը տրվում էր 1-ին եւ 2-րդ հավելվածում):



Ըստ 5-րդ հոդվածի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի կառավարությունները համաձայնվում էին, որ Նախիջեւանի մարզը (3-րդ հավելվածում նշված սահմաններով) ինքնավար հանրապետություն դառնա Ադրբեջանի հովանու ներքո:



6-րդ հոդվածը վերաբերում էր Թուրքիայի ու Վրաստանի հարաբերություններին: Մնացած հոդվածները որոշում էին կողմերի քաղաքացիների իրավական վիճակը, հաստատում էին գերիների փոխանակման կարգը, վերաբերում էին տնտեսական, ֆինանսական եւ այլ հարցերի կանոնակարգմանը, հյուպատոսական հարաբերությունների հաստատմանը եւ այլն: Կարսի պայմանագիրը հիմնականում կրկնում էր 1921թ. Մոսկվայի պայմանագրի դրույթները, որով ոտնահարվում էին Հայաստանի կենսական շահերը:



Կարսի պայմանագիրը ստորագրել են` ՀԽՍՀ անունից արտաքին գործերի ժողկոմ Ա.Մռավյանը եւ ներքին գործերի ժողկոմ Պ.Մակինցյանը, Ադրբեջանական ԽՍՀ անունից` աշխատավորագյուղացիական տեսչության ժողկոմ Բ.Շախտախտինսկին, Վրացական ԽՍՀ անունից` ռազմածովային գործերի ժողկոմ Շ.Էլիավան եւ արտագործերի ու ֆինանսների ժողկոմ Ա.Սվանիձեն, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի անունից` Ազգային ժողովի պատգամավոր եւ Արեւելայն ճակատի հրամանատար Քյազիմ Ղարաբեքիր-փաշան, Ազգային ժողովի պատգամավոր Վելի բեյը, հասարակական աշխատանքների նախարարի նախկին օգնական Մուխտար-բեյը, Ադրբեջանում Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ Մեհմուդ Շեւկեթը, ՌԽՍՀ կառավարության անունից` Լատվիայում ՌԽՍՀ լիազոր ներկայացուցիչ Յա. Գանեցկին:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:



Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:



Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայրսւթյան գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:



Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապաես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:

Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:



Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը:



Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---