Հայաստանում գոհունակությամբ են ընդունել Շվեդիայի խորհրդարանի որոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Հայաստանում գոհունակությամբ են ընդունել Շվեդիայի խորհրդարանի որոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է հղել Շվեդիայի Թագավորության Ռիգստագի նախագահ Պեր Վեստերբերգին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանում գոհունակության եւ երախտագիտության զգացում ունեցանք` տեղեկանալով Շվեդիայի խորհրդարանում 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ ի դեմս Ձեզ` Շվեդիայի խորհրդարանին` մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկին` հայոց ցեղասպանությանը ճշմարտացի ու արժանապատիվ հայացքով նայելու եւ արդարամիտ որոշում կայացնելու համար»:

«Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելով` դուք ձեր ներդրումն եք անում աշխարհում նման ողբերգությունների կրկնությունը հետագայում կանխելու եւ ժողովուրդների ճակատագրերի դեմ ուղղված անմարդկային քայլերը բացառելու գործընթացում: Կարծում եմ, որ իր պատմական որոշումով Շվեդիայի խորհրդարանը հետամուտ լինելով համամարդկային արժեքների դավանմանը, նպաստում է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայուն զարգացմանը»,-ասվում է ՀՀ ԱԺ նախագահի նամակում, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---