Իրանը թույլ չի տա, որ հրահրումները Ղարաբաղի գոտում օտար ուժերի ներկայության առիթ դառնան

Իրանը թույլ չի տա, որ հրահրումները Ղարաբաղի գոտում օտար ուժերի ներկայության առիթ դառնան

PanARMENIAN.Net - Իրանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հակամարտության վերաբերյալ այն համոզմանն է, որ հարատեւ խաղաղության հաստատման համար այն պետք է կարգավորվի երկխոսության, ռազմական որեւէ ուժի չկիրառման եւ ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով: Այդ մասին ասվում է Հայաստանում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը մեկ անգամ եւս շեշտում է, որ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումը արտաքին քաղաքականության բոլոր խնդիրների վերաբերյալ արտահայտվում է մեծարգո նախագահի, արտաքին գործերի նախարարի եւ ԱԳՆ խոսնակի կողմից, ուստի հիշատակված շրջանակից դուրս արտահայտված ցանկացած տեսակետ համարվում է անձնական մոտեցում:

Դեսպանությունը հայտնում է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային բոլոր հակամարտությունների վերաբերյալ հիմնված է եղել կողմերին երկխոսության հրավիրելու եւ հակամարտությունները կարգավորելու եւ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ միջնորդական ջանքերը սատարելու վրա, եւ Տաջիկստանի, ԱՖղանստանի ու Իրաքի ներքին հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը դրա վկայությունն է:

Եւ քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միակ երկիրն է, որը հակամարտության գոտու հետ ունի ընդհանուր սահման, ուստի ցանկացած հրահրման եւ այս տարածաշրջանում լարվածության ստեղծման առնչությամբ հայտնում է իր մտահոգությունը եւ թույլ չի տալիս, որ նման հրահրումները տարածաշրջանում օտար ուժերի ներկայության առիթ դառնան»:

Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---