Հայաստանը շարունակում է պաշտպանության ոլորտի ռազմավարական բարեփոխումները

Հայաստանը շարունակում է պաշտպանության ոլորտի ռազմավարական  բարեփոխումները

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքում մշակվել է վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթուղթ, որտեղ անդրադարձ կա ՀՀ ռազմավարական անվտանգության միջավայրին, ազգային անվտանգության սպառնալիքների և ռիսկերի գնահատմանը, պաշտպանական առաջնահերթություններին, կադրային խնդիրներին, զինված ուժերի կարողությունների պլանավորման տարբեր սցենարներին, ինչպես նաև զինված ուժերի կառուցվածքի ապագա տեսլականին:

ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթղթի կապակցությամբ ուղերձ են հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ինչպես նշում է իր ուղերձում Բաղդասարյանը, ռազմական անվտանգությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անբաժանելի բաղկացուցիչն է, որն ապահովում է պետության գոյության դեմ ուղղված սպառնալիքների կանխումն ու չեզոքացումը` երաշխավորելով Հայաստանի Հանրապետության կայուն զարգացումը: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ընդգծում է, որ զինված ուժերի զարգացումը, կատարելագործումը, նոր մարտահրավերներին համապատասխանեցումը շարունակական ու դինամիկ գործընթացներ են:

«Ռազմական անվտանգության ապահովման և զինված ուժերի մարտունակության բարձրացման ամենաարդյունավետ ուղիները միջազգային ինտեգրումն ու համակարգվածբարեփոխումներն են: Վերանայման գործընթացում համակողմանիորեն հաշվի են առնվել զինված ուժերի զարգացմանը ներկայացվող ժամանակակից պահանջները, տարածաշրջանում անվտանգության միջազգային համակարգերի հետ (ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ՆԱՏՕ) համագործակցության գերակայությունները, ինչին մեծապես նպաստել են նաև Հայաստանի Հանրապետության գործընկեր երկրների աջակցությունն ու փորձագիտական օժանդակությունը: Ելնելով ազգային անվտանգության ապահովման գերակայություններից` Հայաստանն այսուհետ ևս կշարունակի պաշտպանության ոլորտի ռազմավարական բարեփոխումների իրականացումը»,- նշել է Բաղադասարյանն իր ուղերձում:

Իր հերթին Սեյրան Օհանյանը նշում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ազգային այն կարևորագույն կառույցներից է, որոնց վրա է խարսխվում մեր պետությունը: «Կազմավորվելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավական և խաղաղ ինքնորոշման ձգտման դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում` հայկական զորակազմավորումներին հաջողվեց կազմակերպված ու հմուտ գործողություններով հակառակորդին խաղաղություն պարտադրել և հրադադար հաստատել»,- ընդգծում է Սեյրան Օհանյանը:

Նախարարը նշում է, որ 2005 թվականից ի վեր պաշտպանական բարեփոխումների առումով իրականացվել են մի շարք կարևոր աշխատանքներ և արձանագրվել են զգալի արդյունքներ. դրանցից են`«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունումը, ինչպես նաև Պաշտպանության նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրումը: «Վերանայման գործընթացի շրջանակներում ընդհուպ մինչև 2010 թվականը իրականացվել են ՀՀ զինված ուժերի զարգացմանը նպատակաուղղված որոշակի ուղեցույցների և ռազմավարական պլանների մշակման աշխատանքներ: Վերանայումը նախատեսում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ զարգացում: Պաշտպանության ռազմավարական վերանայման ամբողջ ընթացքում ՀՀ գործընկեր երկրների փորձագետները զգալի օժանդակություն տրամադրեցին տարբեր ձևաչափերով իրականացված մեթոդաբանական մշակումների և պլանավորման շրջափուլերի ձևավորման աշխատանքներին: Այդ գործընկերներից են Լատվիան, Լեհաստանը և Ֆրանսիան: Սակայն այս առումով կուզենայի հատուկ շնորհակալություն հայտնել Գերմանիային, ԱՄՆ-ին և Միացյալ Թագավորությանը` անընդմեջ ցուցաբերված փորձագիտական աջակցության համար: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ իրականացված փորձագիտական քննարկումներին, ապա գործընթացի շրջանակներում դրանք առնչվել են ոչ միայն ՀՀ ԶՈւ զարգացման հեռանկարներին, այլև ՀՀ-ՌԴ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման դերի, առաքելության և համատեղ գործելու կարողությունների զարգացմանը»,- նշել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

10  Հայկական բանակ
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---