G8 հայտարարությունները ֆորմալ հաստատում են, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն ԼՂ հիմնախնդրի խաղաղ լուծման երաշխավորն են

G8 հայտարարությունները ֆորմալ հաստատում են, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն ԼՂ հիմնախնդրի խաղաղ լուծման երաշխավորն են

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարություններ, ինչպես այսօրվանն էր, շատ են եղել: Գերագույն մակարդակով ցանկացած հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հայտարարություններ են ընդունում, և G8 գագաթաժողովը Դովիլում բացառություն չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալա-Պովոլժյեի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը: Նրա խոսքով` այդ հայտարարությունները ֆորմալ հաստատում են, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման երաշխավորն են: «Բայց կարևոր է այն, որ բոլոր այդ բարի մտադրություններն օդում կախված չմնան: Այժմ Մադրիդյան սկզբունքների ստեղծագործական հարմարեցում է հարկավոր, որովհետև «հում» տեսքով դրանք անպետք են հիմնախնդրի լուծման համար: Կրկնում եմ` հայտարարությունները չպետք է արտացոլեն կոնկրետ ամսաթվին, տվյալ դեպքում` մինչև բոլոր երեք երկրներում` ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունները հակամարտությունը կարգավորելու ցուցադրական ձգտումը»,- ասել է Արեշևը:

Այսօր Դովիլ քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին համատեղ հայտարարություն են ընդունել, որում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»:

«Մենք հաստատում ենք, որ միայն բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է խաղաղության, կայունության և հաշտության հանգեցնել` հնարավորություններ բացելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ: Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը «համոզված են, որ ժամանակն է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը քայլ կատարեն դեպի խաղաղ կարգավորումը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են, որ դիմակայության և անկայունության ներկայիս իրադրության ստեղծմանը հանգեցրել է ուժի կիրառումը: «Դրա կրկնակի կիրառումը միայն նոր տառապանքներ և սնանկություն կբերի և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կողմերի առաջնորդներին համառորեն խորհուրդ ենք տալիս բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,- նշել են նախագահները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---