Ռամիլ Սաֆարովին նշանակվել է եւս մեկ դատահոգեբանական փորձաքննություն

PanARMENIAN.Net - Այսօր Բուդապեշտում տեղի է ունեցել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի գործով հերթական դատական նիստը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակիցը Բուդապեշտից, այսօրվա նիստի ընթացքում լսվել են Ռ.Սաֆարովի երրորդ դատահոգեբանական փորձաքննության արդյունքները, որը հիմնված էր առաջին երկու փորձաքննությունների արդյունքների համեմատության վրա: Նշենք, որ առաջին դատահոգեբանական փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ Ռ.Սաֆարովը կատարել է հանցագործությունը, գտնվելով «սթափ հոգեվիճակում»: Ըստ երկրորդ փորձաքննության, հանցագործության պահին Ռ.Սաֆարովը, հակառակը, եղել է աֆեկտի ազդեցության տակ: Բացի այդ, երկրորդ փորձաքննությունը հայտնաբերել էր նրա մոտ հետտրավմատիկ սինդրոմի տարրեր: Սակայն, երրորդ փորձագետը, ըստ երեւույթին կաշառված լինելով, լիովին հավանություն տվեց երկրորդ փորձաքննության եզրակացությանը, հայտարարելով, որ հետտրավմատիկ սինդրոմի առկայությունը մեղադրյալի մոտ մեղմացնող հանգամանք է հանդիսանում: Նշենք, որ դատավորին դուր չեկավ այս հայտարարությունը, եւ նա, նկատելով, որ «ամեն ինչ հասկանում է», հեռացրեց փորձագետին` տուգանելով նրան լիազորությունները գերազանցելու համար: Ավելին, դատավորը նշանակեց Ռ.Սաֆարովի նոր, թվով չորրորդ փորձաքննությունը, որի արդյունքները կներկայացվեն դատարանի հաջորդ նիստում, որը տեղի կունենա մարտի 7-ին:



Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում մասնակցում էր «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին, գազանաբար կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից` ադրբեջանցի սպայի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնահատուկ դաժանությամբ կատարված սպանություն, եւ մահափորձ մեկից ավելի անձանց հանդեպ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---