47  26.06.15 - Հունիսի 26. Բողոքի ցույց ընդդեմ էլերկտրաէներգիայի թանկացման
15  26.06.15 - Հունիսի 26. Բողոքի ցույցին հաջորդող լուսաբացը Բաղրամյան պողոտայում

Ոստիկանապետ. Չենք պատրաստվում գրոհել, բայց այլ տարաքծների շրջափակում չենք հանդուրժի

Ոստիկանապետ. Չենք պատրաստվում գրոհել, բայց այլ տարաքծների շրջափակում չենք հանդուրժի

PanARMENIAN.Net - Բաղրամյան պողոտայում շարունակվում է արդեն 5 օր տևող «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիան ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Հունիսի 27-ի առավոտյան ցուցարարներին է մոտեցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ նրանց հանգստության կոչ անելով:

«Երեխեք ջան, խաղաղվեք, հանգիստ եղեք, էսօր շաբաթ է, հանգստանալու օր է, ոչ մեկ ոչ մեկին չի պատրասվոտվում վախեցնել»,- դիմելով ցուցարարներին՝ նշել է ոստիկանապետը. «Մի անհանգստացեք, ոչ մեկին չենք պատրաստվում շրջապատել, չենք պատրաստվում գրոհել: Մենք շատ խիստ օպերացիա ենք կազմակերպել, ու շատ խիստ ենք լինելու: Փակ Բաղրամյանը հանդուրժում ենք, բայց ցանկացած ուրիշ տարածքի փակում տեղում շատ խիստ պատժվելու է: Ինչ-որ տխմարամտությամբ իրազեկում եք, դա իրազեկում չէ: Չեմ հանդուրժի, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ ոստիկնաությունը կհանդուրժի: Մենք այստեղ չենք հանդուրժում: Քանի դեռ խախտում չկա, ոչ մի քայլի չենք դիմի: Այնտեղի խախտումն այստեղի խախտման հետ կապ չունի»,- ասել է նա:

Անդրադառնալով համակարգի մասին հնչող քննադատություններին՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է.

«Ես բոլոր գնահատողներից ու քննադատողներից ավելի լավ գիտեմ, թե ինչ է կատարվում իմ համակարգում: Իրենց կարծիքն էլ ենք լսում, բայց երբեք չեմ ղեկավարվի ուրիշի կարծիքով, քանի որ ինքս ավելի լավ գիտեմ, թե ինչ է կատարվում դրա ներսում, եզրափակել է ՀՀ ոստիկանապետը:

Վլադիմիր Գասպարյանը հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը ևս եղել է Բաղրամյան պողոտայում, սակայն բոլորովին այլ տրամադրվածությամբ: Ոստիկանապետը նշում էր, որ չեն պատրաստվում հանդուրժել ամենաթողությունն ու կոչ անում բացել Մաշտոցի պողոտան, որը ևս ցուցարարները փակել էին: Երթևեկությունը Մաշտոցի պողոտայում կաթվածահար էր եղել։

«Ոստիկանությունը գործողություն չի իրականցի ժողովրդի նկատմամբ, եթե ժողովուրդն օրինապահ է: Կենդանի պատ եք կանգնել, մե՞նք ենք ժողովրդի թշնամին, մենք ժողովրդի պաշպանն ենք: Սա մեր բոլորի քաղաքն է, չի կարելի փակել գլխավոր պողոտաները»,- ասել է ոստիկանապետը: Ավելի ուշ ոստիկանները ցուցարարներից ազատել են Մաշտոցի պողոտան, երթևեկությունը վերականգնվել է։

Պատասխանելով լրագրողերի հարցին, թե որն էր ոստիկանապետի վրդովմունքի պատճառն այս գիշեր, Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ առաջին հերթին Մաշտոցի պողոտայի փակումը ցուցարարների կողմից և որոշ մարդկանց կողմից զենքով ցուցարարների շրջանում շրջելը:

«Դատարկ, տեղ-տեղ ագրեսիայի դրսևորումն էր, որը չէր կարելի հանդուրժել: Եթե ակցիա է արվում, մարդիկ իրենց սոցիալական պահանջն են ներկայացնում, դրա ընկալումը մեր կողմից կա, և մենք ենք պաշտպանում քաղաքացուն, իսկ եթե օրենք է խախտվում, չենք կարող հանդուրժել: Ոստիկանությունը փիլիսոփայորեն է մոտենում այս երևույթին՝ մարդիկ խնդիր են բարձրացնում: Դուք հասկանու՞մ եք՝ ինչ է նշանակում, երբ հանկարծ մի արկածախնդիր մարդ քար է շպրտում ոստիկանի ուղղությամբ, այդ ժամանակ աշխատում է մեխանիզմը»,- ասել է նա:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ ոստիկանների շրջանում սադրիչներ չկան և սադրիչները ոստիկանության մեջ չեն կարող գործունեություն իրականացնել:

«Եթե քաղաքացիական հագուստով ոստիկանը սխալ է գործել այսքան կամերաներ կան, ես կգտնեմ այդ մարդուն և կորուստը ինձնից է լինելու, ոչ թե ձեզնից»,- ասել է նա:

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսի 19-ից նստացույց է անցկացնում Երևանի կենտրոնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում: Բողոքի ցույցը վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացին Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մնում են մինչև օրս:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---