Հայաստանի հարավ-արեւելքում գտնվել է մարդկային ուղեղ, որը մոտ 6 հազար տարեկան է

PanARMENIAN.Net - Հայաստանի հարավ-արեւելքում` Իրանի հետ սահմանից ոչ շատ հեռու գտնվող Արենի-1 քարանձավում, հայտնաբերվել է հնադարյան մարդու գլխուղեղ: Նախնական գնահատականներով, լավ պահպանված գտածոյի տարիքը կազմում է մոտ 6 հազ. տարի, գրում է «Աշխարհի շուրջ»-ը` վկայակոչելով Science News-ը:



Մասնագետների խոսքերով, այդ գտածոն կարող է ամենահին մարդկային ուղեղը լինել, որը երբեւէ գտնվել է Հին Աշխարհում: Ներկայումս գիտնականները հետազոտում են այդ ուղեղը: Նրա մակերեւույթին պահպանվել են արյունատար անոթներ, արյան բջիջներն արդեն վերցվել են մանրամասն ուսումնասիրման համար:



Քարանձավում գտնվել են նաեւ մեծ կարասներ, խաղողի կեղեւի եւ կորիզների մնացորդներ, մետաղյա դանակներ, ավելի քան 30 տեսակի մրգերի սերմեր, բազմաթիվ հացահատիկային հասկեր, հագուստ, ծղոտ, խոտ եւ չորացած սալոր: Պղնձե դարի բոլոր այդ իրերը շատ լավ պահպանվել են այն բանի շնորհիվ, որ քարանձավում չափազանց քիչ խոնավություն եւ կայուն ջերմաստիճաններ են եղել:



Հնագետները հույս ունեն շարունակելու պեղումները Արենի-1-ում եւ այլ քարանձավներում, որոնք տեղակայված են Արփա գետի երկայնքով: Այդ քարանձավներից մեկն իր չափերով անգամ գերազանցում է Արենի-1-ը եւ կարող է բազմաթիվ արտեֆակտեր պարունակել:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---