Ճգնաժամի հաղթահարման համար Հայաստանի կառավարությունը օգնության համար դիմել է ուսանողների՞ն

PanARMENIAN.Net - Այսօր մեկնարկել է «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» թեմայով ռեֆերատների մրցույթը, որի կազմակերպիչը «Մեդիամաքս» գործակալությունն է Հայաստանի կառավարության եւ Կենտրոնական բանկի հետ համատեղ: «Մենք բոլորս գիտենք, որ աշխարհում հիմա տիրում է ֆինանսա-տնտեսական ճգնաժամը, որն իր ազդեցությունն է թողնում բոլոր երկրների վրա, այդ կապակցությամբ մենք որոշել ենք ուսանողների համար այդպիսի մրցույթ հայտարարել»,- երեքշաբթի օրը լրագրողներին է հայտնել «Մեդիամաքս» տեղեկատվական գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը:



Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր պետական բուհերի տնտեսական ֆակուլտետների ուսանողները, որոնք կներկայացնեն հայերեն լեզվով ռեֆերատ: Մասնակցության համար հայտերն ընդունվում են ապրիլի 7-20 ներառյալ, ապրիլի 21-28 ռեֆերատների ստուգումն է, իսկ ապրիլի 29-ին` մրցույթի արդյունքների ամփոփումը: Մրցույթի մասնակիցները, որոնք կզբաղեցնեն 1-3-րդ տեղերը, կստանան, համապատասխանաբար, 150 000, 100 000 եւ 75 000 դրամի չափով գումարային պարգեւ, իսկ 10 լավագույն աշխատանքները կհրապարակվեն Banks.am կայքում: Իսկ եթե մասնավոր ձեռնարկատիրության ներկայացուցիչների մեջ կգտնվեն մարդիկ, որոնք կցանկանան խրախուսել նախաձեռնող ուսանողներին, մրցույթի կազմակերպիչները կողջունեն դա:



Մրցույթը ենթաբաժանված է 4 թեմաների` «Ի՞նչ պետք է անի Կենտրոնական բանկը` դրամա-վարկային քաղաքականությունը ճգնաժամի մարտահրավերներին համապատասխանեցնելու համար», «Ի՞նչ պետք է անի կառավարությունը ճգնաժամի պայմաններում տնտեսության զարգացումն ապահովելու համար», «Ի՞նչ պետք է անի մասնավոր ձեռնարկատիրությունը ճգնաժամի պայմաններում իր ունեցածը ոչ միայն պահպանելու, այլեւ զարգացնելու համար» եւ «Ի՞նչ պետք է անեն անհրաժեշտ լիկվիդայնությամբ օժտված բանկերը` տնտեսության զարգացմանը իրապես նպաստելու եւ ոչ ստանդարտ լուծումներ կիրառելու առումով»: Դրա հետ մեկտեղ ռեֆերատում կարող են ներկայացվել մի քանի ենթաթեմաներ:



Արա Թադեւոսյանը նշել է, որ այդ մրցույթը հանդիսանում է պետական կառույցների եւ մասնավոր սեկտորի փոխհարաբերությունների կարգավորման գծով կառավարության վեկտորի շարունակությունը, ինչը բուհերի ուսանողներին հնարավորություն կտա կիսվել իրենց գաղափարներով եւ դրսեւորել իրենց անձը: Այդ կապակցությամբ Թադեւոսյանը ասել է, որ ցանկացած հանճարեղ գաղափարներ, մտքեր պետք է կիրառվեն գործնականում: «Եթե գաղափարը չգտնի իր կիրառությունը, այն կմեռնի»,- ասել է նա:



ԿԲ դրամա-վարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանն իր հերթին ավելացրել է, որ ԿԲ-ում արդեն գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել ուսանողների հետ շփման հարցում. տարին երկու անգամ որոշակի թեմաներով աշխատանքների շրջանակներում կրթաթոշակների նշանակում եւ ԿԲ կրթական կենտրոնում համապատասխան նախապատրաստական դասընթացների կազմակերպում` մասնագիտական գործունեության ուղղության հետագա որոշման համար: «Դա ուսանողների համար եւս մեկ հնարավորություն է` կիսվելու այն մտքերով, գաղափարներով, մասնագիտական գիտելիքներով, որոնք նրանք ստացել են»,- ավելացրել է նա:



Իսկ ՀՀ կառավարության ապարատի ղեկավար Դավիթ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը ողջունել է այդ նախաձեռնությունը, քանի որ դա լավ առիթ է` կարգավորելու հասարակայնության հետ փոխհարաբերությունները: «Ցանկացած երկրի, ցանկացած կառավարության համար առաջին հերթին կարեւոր է հասարակայնության հետ կապը»,- ասել է նա եւ հույս հայտնել, որ հայտերի թիվն այնքան շատ կլինի, որ հանձնաժողովը ստիպված լինի աշխատաել անգամ գիշերը, որպեսզի ընտրի լավագույն աշխատանքները:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---