Հայաստանի կառավարությունը զբաղվում է հասարակական աշխատանքների կազմակերպման խնդիրներով

PanARMENIAN.Net - «ՀՀ կառավարությունը ՀԲ-ի հետ համատեղ քննարկում է սոցիալական նպաստների համակարգի բարելավման հարցը, որպեսզի օգնությունը նպատակային լինի ու միջոցների արտահոսքը բացառվի»,-ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հայաստանի վրա տնտեսական ճգնաժամի սոցիալական ազդեցությանը» նվիրված խորհրդաժողովում: Նրա խոսքերով, ստուգումների արդյունքում դեպքեր են պարզվում, երբ մարդիկ ցանկացած միջոցի են դիմում, սոցիալապես անապահովների ցանկում հայտնվելու համար: «Այնուամենայնիվ, մշակվել է եւ գործում է անապահով ընտանիքների հայտնաբերման համակարգ եւ նրանց նպաստներով ապահովելու համակարգ»,-ասել է նա:



Ինչպես հաղորդել է վարչապետը, այսօրվա դրությամբ կան տվյալներ, որ տնտեսական ցուցանիշների անկման պատճառով անապահով ընտանիքների թիվն ավելացել է: «ՀԲ-ից ստացված ֆինանսական միջոցները կուղղվեն սոցիալական ծրագրերի իրականացմանը»,-ասել է Սարգսյանը:



Այս համատեքստում նա նշելէ, որ հասարակական աշխատանքների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 700 մլն դրամ, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ միջոցները համայնքներում անարդյունավետ են բաշխվում: «Կառավարության նախորդ նիստում որոշվեց փոխել այդ համակարգը»,-ասել է նա: Հասարակական աշխատանքների կազմակերպման համար բյուջետային միջոցներից բացի որոշակի գումար կհատկացվի նաեւ ՀԲ ծրագրով: Փոփոխությունների տրամաբանությունն այն է, որ համայնքների ղեկավարները նախապես պետք է ներկայացնեն հասարակական աշխատանքների ծրագրերը եւ այդ աշխատանքները պետք է հասանելի լինեն: «Մենք պետք է հնարավորություն ունենանք ստուգելու, որ աշխատանքները կատարվել են»,-ասել է Սարգսյանը: Այդ ծրագրերի շրջնակաում առավել արդիականը բնապահպանությունն է, մասնավորապես, աղբահանությունը: «Կատարված աշխատանքի մասին մեր բնակչությունը կկարողանա դատել տարեվերջին»,-ասել է վարչապետը:



Անդրադառնալով սոցիալական խնդիրներին` Տ.Սարգսյանը նշել է, որ կարեւորվում է նաեւ առողջապահությունը: «Այս ոլորտի ծախսերը պետք է ապահովեն ամենախոցելի շերտերի պաշտպանվածությունը»,-ասել է նա:



Ինչ վերաբերում կրթությանը, ապա քննարկվում է մի նոր մոտցեում, ըստ որի անվճար ուսման հնարավորություն առաջին հերթին պետք է ստանան անապահով ընտանիքների երեխաները: «Այս խնդիրը եւս մեր ուշադրության կենտրոնում է եւ հնարավոր է, որ այս տարի լիովին վերանայվի բարձրագույն կրթության ֆինանսավորման կարգը»,-ասել է վարչապետը:



Սոցիալական հարցերը, հատկապես անկում ապրող տնտեսական ցուցանիշների պայմաններում, ըստ Սարգսյանի, կարեւորվում են, քանի որ առանձնակի տեղ են զբաղեցնում Հայաստանում «բարյացակամ մթնոլորտի» ձեւավորման գործում:



«Պոպուլիզմն այս հանգամանքներում չափազանց վտանգավոր է: Հայտնվում են գործիչներ, որոնք փորձում են այս օբյեկտիվ դժվարությունների պայմաններում բարձրացնել իրենց քաղաքական վարկանիշը եւ հաճախ հանդես են գալիս չհիմնավորված հայտարարություններով»,-ասել է Սարգսյանը:



Ընդ որում վարչապետը հավելել է, որ դա ոչ մի կերպ չի նպաստում արդյունավետ կարգավորմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---