Երեւանում կանգնեցվել է Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի` Արամ Մանուկյանի կիսանդրին

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ոստիկանության շենքի մոտ տեղի ունեցավ Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի` Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրու բացման արարողությունը: Աշխատանքի հեղինակն է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:



Բացման արարողությանը Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ կան անուններ, որոնք ներառում են դարավոր արժեքներ, եւ խոսել այդ անունների մասին կնշանակի խոսել մեր ժողովրդի պատմության դարավոր փուլի մասին: «Այս տարի լրանում է ականավոր գործիչ, Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի` Արամ Մանուկյանի 130-ամյակը: Պատահական չէ, որ մեր գերատեսչության ամենապատվավոր ու բարձր պարգեւներից մեկը իրավակարգի պահպանման գործում մատուցած ծառայությունների համար տրվող մեդալն է, որը կրում է նրա անունը: Գերատեսչության մոտ տեղադրված նրա կիսանդրին միշտ կհիշեցնի մեզ ոստիկանության առաջնահերթ խնդիրների մասին, հանուն հայրենիքի պայքարի մասին ու երկրում իրավակարգի պահպանման մասին»,-ասել է Ա.Սարգսյանը:



Բացման արարողությանը ներկա էին Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, այլ նախարարներ, Երեւանի քաղաքապետը, ՀՅԴ ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---