Լավրենտի Միրզոյան. Հայաստանի շատ պետծառայողներ նույնիսկ սեփական անունը տառասխալներով են գրում

PanARMENIAN.Net - «Լեզվի պետական տեսչությունը լուծում է ազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Հենց այդ փաստի գիտակցումն ու առավել արդյունավետ աշխատելու ձգտումը ստիպեցին մեզ մշակել եւ կառավարություն եւ ԱԺ հանձնել օրինագծերի մի փաթեթ, որով նախատեսվում է շուրջ 60 փոփոխություն կատարել համապատասխան օրենքներում: Ինչպես կառավարությունում, այնպես էլ ԱԺ-ում մեր առաջարկությունը կքննարկվի: Մեր առաջարկների մի մասն ընդունվել է առաջին ընթերցմամբ եւ ընդգրկվել են վարչական խախատումների նոր օրենսգրքում»,-դեկտեմբերի 8-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը:



Ըստ նրա, պետությունն անում է հնարավորը տեսչության արդյունավետ աշխատանքի ապահովման համար, սակայն տեսչությանը տրամադրված է մի հին մեքենա, իսկ 16 տեսուչների աշխատավարձը 70 հազար դրամ է:



«Մենք հետեւում ենք ոչ միայն գովազդին, հեռուստա- եւ ռադիոեթերին, այլ նաեւ անց ենք կացնում պետական նշանակության փաստաթղթերի, օրինակ, հայերեն լեզվով ՀՀ, ԼՂՀ աշխարհագրական ատլասների փորձաքննություն»,-պարզաբանել է տեսչության պետը:



Լեզվի պետական տեսչությունը 2008 թվականին 40 հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 1 մլն 300 հազար դրամ:



«Այսօրվա դրությամբ, բազմաթիվ իրավաբանական անձիք փաստաթղթերը վարում են բացառապես օտար լեզվով, իսկ ուսումնական հաստատությունները չունեն հայոց լեզվի ընդունելության քննություն: Հարկավոր է օրենքով ամրագրել այն չափանիշները, որոնց օգնությամբ հնարավոր կլինի ստուգել հայոց լեզվի իմացությունը պետծառայողների շրջանում»,-ասել է Միրզոյանը:



«Հայաստանի շատ պետծառայողներ նույնիսկ սեփական անունը տառասխալներով են գրում: Գործերի նման վիճակը չի կարող չխոչընդոտել գրական հայերենով ուսուցման իրական բազայի ստեղծմանը: Իսկ օրենքով այդ պահանջի խախտումը տուգանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկ գումարով»,-ասել է Միրզոյանը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---