ՀՀ առողջապահության նախարարություն. Հայաստանի ջրամատակարարման համակարգը չափազանց վատ վիճակում է

PanARMENIAN.Net - Հայաստանի ջրամատակարարման համակարգը չափազանց վատ վիճակում է: Այդ մասին Ջրի համաշխարհային օրվան նվիրված Երեւանում ընթացող «Մաքուր ջուր աշխարհի առողջության համար» կլոր սեղանի ընթացքում ունեցած ելույթում ասել է ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աիդա Պետիկյանը: «Այս պահի դրությամբ ամենամեծ խնդիրը երկրի ջրամատակարարման ողջ ցանցը փոխելն է»,-ասել է նա:



Ըստ նրա, մեկ այլ խնդիր է բնակչության կողմից ապօրինի ջրագծերի անցկացումը, որի արդյունքում խախտվում են շինարարական նորմերը: Բացի այդ, մոտ 560 գյուղերում ջրամատակարարումն իրականացնում են գյուղական համայնքները, որոնք չունեն անհրաժեշտ տեխիկա եւ մասնագետներ:



Գլոբալ ջրային գործընկերության ներկայացուցիչ Արեւիկ Պետրոսյանը հավելել է, որ ողջ աշխարհում շուրջ 1,1 մլրդ մարդ (կամ բնակչության 17 տոկոսը) զրկված է էկոլոգիապես մաքուր ջրից, իսկ շուրջ 2,6 մլրդ մարդ (40 տոկոսը) զրկված են անհրաժեշտ ջրամաքրման ծառայությունից եւ տարրական սանիտարական պայմաններից:



Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպոիթյան տվյալների, տարեկան շուրջ 4 մլրդ մարդ տառապում է աղիքային հիվանդություններից եւ միլիոնավոր այլ հիվանդություններից, կապված ջրի վատ որակի կամ պակասի հետ: Աշխարհում ամեն տարի շուրջ 3,1 մլն մարդ, որոնց 90 տոկոսը մինչեւ 5 տարեկան երեխաներ են, մահանում է ջրի վատ որակի պատճառով տարածվող հիվանդություններից:



Ջրի որակին վերաբերող խնդիրները կարգավորվում են մի շարք համաձայնագրերով, օրինակ, UNECE-ի Անդրսահմանային ջրահոսքերի ու միջազգային լճերի օգտագործման եւ պահպանման կոնվենցիան:



Քաղցրահամ ջրի ծավալների պահպանման եւ որակի բարելավման հետ կապված խնդիրների լուծման համար 1992թ. Ռիո դե Ժանեյրոյում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրն ու զարգացումը խորհրդաժողովում որոշվեց սահմանել ջրի օր, եւ արդեն փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---