ՀՀ ԿԳ նախարարությունն արձագանքել է մայիսի 6-ին տեղի ունեցած ուսանողական երթին

ՀՀ ԿԳ նախարարությունն արձագանքել է մայիսի 6-ին տեղի ունեցած ուսանողական երթին

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Երևանում տեղի է ունեցել ուսանողական երթ: Երթի մասնակիցները ՀՀ վարչապետին նամակ են հասցեագրել, որով բողոքում էին ասպիրանտուրայում և մագիստրատուրայում պետպատվերը կրճատելու խնդրի դեմ:

«ՀՀ վարչապետին հասցեագրված նամակին նախարար Արմեն Աշոտյանը ծանոթացել է ԶԼՄ-ներից: Պաշտոնապես այն դեռևս ստացված չէ: Այնուամենայնիվ, գրության բովանդակության հետ կապված պետք է նշել, որ, իրականում երթի կազմակերպիչները «Ժառանգություն» կուսակցության անդամներն են: Իսկ ինչ վերաբերում է ասպիրանտուրայի և մագիստրատուրայի տեղերի կրճատման խնդրին, ապա կրկին հայտնում ենք, որ կառավարության համապատասխան որոշումներով պետպատվերը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում չի կրճատվել:

Եթե անցյալ տարի մագիստրատուրայի համար հատկացվել էր 1543 անվճար տեղ, ապա այս տարի դարձյալ հատկացվել է 1543 անվճար տեղ: Նախորդ տարի ասպիրանտուրայի համար հատկացվել էր առկա ուսուցման 224 անվճար տարկետման իրավունքով տեղ, իսկ այս տարի 122 անվճար տարկետման իրավունքով, ինչպես նաև 247 անվճար տեղ առանց տարկետման իրավունքի: Պետպատվերի շրջանակում վերաբաշխում է տեղի ունեցել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման և առանց տարկետման տեղերի միջև:

Պետպատվերի ծավալների պահպանման` այն է պետական միջոցներով անվճար սովորելու լիարժեք հնարավորության պահպանման հանգամանքը, կարծում ենք, միտումնավոր է շրջանցվում բողոքի ակցիայի կազմակերպիչների կողմից, որը կարելի է դիտարկել որպես համախոհներին մոլորեցնելու փորձ, որպեսզի չբարձրացնեն տարկետման իրավունքի` Հայոց բանակում հնարավոր ծառայության հետ կապված խնդիրներ և այդպիսով չընկալվեն հասարակության կողմից որպես ոչ հայրենասեր մարդիկ:

Պաշտոնապես վերոնշյալ գրությունը ստանալու դեպքում ՀՀ ԿԳՆ-ն կարող է հանդես գալ հավելյալ մեկնաբանություններով»: Արձագանքելով այսօրվա ուսանողական երթին` տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---