Երևանի քաղաքապետարանը «Ուսանողական այգում» ծառահատում չի թույլատրել

Երևանի քաղաքապետարանը «Ուսանողական այգում» ծառահատում չի թույլատրել

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում «Ուսանողական այգու» խնդրի քննարկման նպատակով։ Մասնակցում էին ավագանու և քաղաքապետարանի բաժինների, հասարակական կազմակերպությունների և «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ներկայացուցիչները։ Մասնակիցները ներկայացրին և 3-ժամանոց քննարկման ընթացքում պաշտպանեցին այն դիրքորոշումը, որ այգին պետք է ազատվի դեռևս 1996թ. ի վեր այստեղ գործող սրճարանային երկու հնաոճ տաղավարներներից և վերադարձվի հանրությանը։

Նախաձեռնողները շեշտել են, որ սա բաց քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է փրկել Երևանի ոչնչացող զբոսայգիները` որպես քաղաքային մշակույթի կարևոր բաղադրիչ»,- գրում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն կազմակերպությունը:

Երևանի քաղաքապետարանն իր հերթին հայտարարել է, որ վերջին շրջանում տարաբնույթ տեսակետներ ու գնահատականներ են հնչում Ուսանողական զբոսայգու և վերջերս այնտեղ տեղադրված Վիկտոր Համբարձումյանի արձանի հարևանությամբ ընթացող շինարարական աշխատանքների հետ կապված:

«Այդ առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված տարածքում որևէ նոր օբյեկտ կառուցելու թույլտվություն չի տրվել: Խոսքը դեռևս 1996թ. ի վեր այստեղ գործող սրճարանային երկու հնաոճ տաղավարներն արդիականացնելու և հիմնանորոգելու մասին է: Ի դեպ, հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ նախկինում միմյանց նկատմամբ թեքությամբ տեղակայված սրճարաններն ավելի մեծ տարածք էին զբաղեցնում, բացի այդ, Աբովյան փողոցի կողմից այգին և այստեղ տեղադրված Վիկտոր Համբարձումյանի արձանը համարյա տեսանելի չէին: Արձանի տեսանելիության և շրջակայքի բարեկարգման խնդիրը մի խումբ ակադեմիկոսներ ու գիտնականներ բարձրացրել էին դեռևս Վիկտոր Համբարձումյանի արձանի բացման ժամանակ:

Այս հանգամանքը հաշվի առնելով` Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցապատողին քաղաքաշինական առաջադրանք է տրվել` հիմնանորոգման շնորհիվ ապահովել Աբովյան փողոցի կողմից Վիկտոր Համբարձումյանի արձանի տեսանելիությունը: Համաձայն առաջադրանքի` տաղավարները 3-ական մետրով հետ են տարվել, ինչի շնորհիվ ճեմուղու լայնությունը նախկին 4,5 մետրի փոխարեն այժմ 10,5 մետր է, ինչն ապահովում է հուշարձանի տեսանելիությունը` ձևավորելով որոշակի հրապարակ: Նշենք նաև, որ վերակառուցման հետևանքով զգալիորեն փոքրացել են նաև տաղավարների ծավալներն ու մակերեսները:

Այսպես, նախկին 5,30 մետրի փոխարեն տաղավարի բարձրությունը 4,30 մետր Է: Համաձայն հաստատված նախագծի` տաղավարներն ամռանը բաց կլինեն, ձմռանը կծածկվեն շարժական ապակիներով` նախկին փակի փոխարեն:

Շինարարությունն իրականացնող «Էլեգանտ 5» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրով պարտավորվել է բարեկարգել արձանին հարակից տարածքը: Ամբողջովին փոխվելու, նորացվելու են Վ. Համբարձումյանի արձանի շրջակայքի և ճեմուղու սալահատակն ու եզրաքարերը, թարմացվելու են տարածքի թփերն ու սիզամարգերը:

Աբովյան փողոցի կողմից շատ տեսանելի փակցված է նաև վերակառուցման էսքիզը, որից նույնպես հստակ երևում է, որ շինարարական աշխատանքների ավարտից հետո զբոսայգին կունենա ավելի բարեկարգ տեսք՝ կանոնակարգված մուտքով: Վերակառուցման նախագիծը մշակվել և հաստատվել է` բացառելով ծառահատման հնարավորությունը: Քաղաքապետարանի կողմից ծառահատման որևէ թույլտվություն չի տրվել:

Նշենք նաև, որ զբոսայգիների, այգիների, պուրակների ու, ընդհանրապես, կանաչ տարածքների վերականգնումը, պահպանումն ու խնամքը Երևանի քաղաքապետարանի գործունեության գերակա ուղղություններն են», ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---