Հայ ուսանողներն առաջարկում են կրկին ռազմական ամբիոններ բացել բուհերում 7 մայիսի 2010 - 17:53 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում կարելի է վերականգնել ռազմական ամբիոնները և որակյալ զինվորների պատրաստել բուհերում ուսմանը և գիտական գործունեությանը զուգահեռ, քանի որ բանակում ծառայելուց հետո հազվագյուտ մարդիկ են շարունակում ուսումը և գիտական գործունեությունը»,-ասել է ԵՊՀ ռոմանո-գերմանական բանասիրության բաժնի ուսանող Սոս Ավետիսյանը մայիսի 7-ի մամլո ասուլիսում: Նա հավելել է, որ բանակից հետո երիտասարդները պրագմատիկ են դառնում և կորցնում են գիտական ռոմանտիզմը, ավելի շատ մտածելով բիզնեսի մասին: Ըստ նրա, կարելի է նաև ստեղծել կրթության օն-լայն ռեժիմ: Դրա համար Հայաստանում կան բոլոր անհրաժեշտ միջոցները: «Սակայն, ՀՀ պաշտպանության նախարարության բարձր վարձատրվող պաշտոնյաները չափազանց պահպանողական մտածելակերպ ունեն, ուստի Հայաստանում նման կրթությունն անհնար է: Ինչպես կարելի է թույլ տալ զինվորին ժամանակն անցկացնել համակարգչի առջև, եթե նրան չի թույլատրվում օգտվել բջջային հեռախոսից»,-ասել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող, ուսանողական բողոքի ցույցերի կազմակերպիչ Դանիել Իոաննեսյանը: «Վատ չէր լինի նաև, եթե բանակի զորամասերին կից վարժարանների պես ինչ-որ հաստատություններ լինեին, որտեղ ուսանողները կկարողանային շարունակել ուսումը»,-ասել է Սոս Ավետիսյանը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` Դ.Իոաննեսյանն ասել է, որ եթե կրթության ու գիտության նախարարի ուսանողների հետ հանդիպման մասին առաջարկը դեռ ուժի մեջ է, նրանք կցանկանային, որ հանդիպումը տեղի ունենար հաջորդ շաբաթ, ցանկալի է լրագրողների ներկայությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |