ԱԺ նախագահ.«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը հստակեցման կարիք ունի

ԱԺ նախագահ.«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը հստակեցման կարիք ունի

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին Հայաստանի Ազգային ժողովում լսումներ տեղի ունեցան «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացումներ և փոփոխությունենր կատարելու վերաբերյալ: Այս հարցի առնչությամբ ելույթ ունեցավ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Իր ելույթում Աժ նախագահը մասնավորապես ասել է. «Հանրային հնչեղություն ունեցող ցանկացած հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելը, շահագրգիռ բոլոր կողմերին լսելը մեկ նպատակ է հետապնդում՝ ընդունել այնպիսի օրենքներ, որոնք այնուհետեւ սողանցքներ չեն թողնի տարատեսակ մեկնաբանությունների եւ շահարկումների համար ։ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող փոփոխություններն առնչվում են լրջագույն ոլորտի: Խոսքի ազատության, զանգվածային լրատվամիջոցների եւ, հատկապես, հեռուստառադիոհեռարձակման բնագավառում կատարվող ցանկացած փոփոխություն, կամ նորամուծություն ամենաարագն է արձագանք գտնում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից։ Դա իրապես ողջունելի է, եւ ես մշտապես կողմնակից եմ, որ հասարակական հնչեղություն ունեցող որեւէ հարցի վերաբերյալ մենք կազմակերպենք հանրային լայն քննարկումներ»։

Ինչպես նշել է խորհրդարանի նախագահը, գլոբալացվող աշխարհի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում թվային տեխնոլոգիաների ներդրումը եւ հեռուստառադիոհեռարձակման թվայնացումը, այո, անհրաժեշտություն են։ «Սակայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում մի շարք խնդիրներ դեռեւս հստակեցման կարիք ունեն։ Առաջին հերթին դա սպասվելիք մրցույթների հայտարարումն ու կազմակերպումն է՝ առաջադրված կոնկրետ պայմանների հիման վրա։ Երկրորդը՝ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչի՞ համար, ի՞նչ արտոնագրեր են տրվելու եւ ի՞նչ ընթացակարգով։ Ըստ օրինագծի՝ հեռուստառադիոհեռարձակման մասնակիցները մի քանիսն են։ Դրանք բաժանվում են տեխնիկական եւ բովանդակային մասերի։ Հեռուստառադիոընկերությունը բովանդակություն ստեղծողն է, իսկ բուն հեռարձակում իրականացնողը՝ մուլտիպլեքսատորը։ Հետեւաբար, ճիշտ կլինի որոշակիորեն սահմանել վերջինիս հետ հարաբերությունների կազմակերպման հիմքերը։ Ենթադրվում է, որ այսօր պետությունն է ապահովում, սակայն՝ հետագայում լինելու է նաեւ մասնավոր։ Բացի դա, օրենքի նախագծում հստակ սահմանված չէ, թե ի՞նչ խնդիր է լուծում պետությունը. սահմանելով բովանդակային որոշակի շրջանակ՝ սոցիալական փաթե՞թ է ապահովում, մեծացնում է մրցակցային պահանջնե՞րը, թե՞ աստիճանաբար ներդնում է բաժանորդային հեռարձակում։

Ի դեպ, անընդհատ խոսվող պետական երաշխիքի՝ «սոցիալական փաթեթի» բաղադրիչները եւս անհրաժեշտ է հստակ սահմանել։ Կարծում եմ` կարիք կա առավել մանրամասնորեն սահմանել բաժանորդային հեռարձակման դեպքերը։ Թվայնացմանը զուգահեռ՝ ենթադրվում է, որ մեծանալու է հաճախությունների թիվը, եւ ստեղծվելու են այլընտրանքային հեռարձակման տարբերակներ։ Սակայն, դա իր մեջ պարունակում է նաեւ անվերահսկելիության ռիսկեր։ Հարցը, կարծում եմ, անհրաժեշտ է դիտարկել եւ կարգավորել ազգային անվտանգության համատեքստում։ Առաջարկում եմ նաեւ քննարկել արբանյակային հեռարձակման հնարավորությունն ազատ թողնելու հարցը»,-ասել է ԱԺ խոսնակը։

Ըստ Հովիկ Աբրահամյանի, Հանրային հեռուստառադիոընկերությունը պետք է լինի մասնավոր հեռուստառադիոընկերությունների հետ հավասար վերահսկելիության դաշտում, այսինքն՝ ունենա հավասար իրավունքներ եւ պարտականություններ՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

«Հորդորում եմ կառավարության ներկայացուցիչներին` երկրորդ ընթերցման ռեժիմով նախագիծը լրամշակելիս հաշվի առնել բոլոր այն առաջարկները, որոնց ներառմամբ օրենքը միմիայն շահելու է եւ դուրս են մղվելու մտահոգությունները եւ քննադատությունները», ասել է ԱԺ խոսնակն իր ելույթում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---