Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվայնացումը կարժենա 14 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթից հետո մայրաքաղաքային հեռուստաընկերությունների թիվը 22-ից կրճատվել է մինչև 18: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:

Ամալյանի խոսքով, հեռուստաընկերությունների կրճատումը կապված է այն բանի հետ, որ պետական ցանցը կարող է ապահովել միայն 18 հեռուստաալիքների հեռարձակումը: «Իսկ 4 կրճատված հեռուստաընկերությունների հաճախականությունը կօգտագործվի մյուս 18 հեռուստաալիքների զուգահեռ թվային հեռարձակման համար: Այսինքն, 18 հեռուստաընկերություններ մինչև թվայնացման գործընթացի ավարտը 2015 թվականին ապահովելու են ինչպես անալոգային, այնպես էլ թվային հեռարձակումը»,- նկատեց նա:

Ինչպես նկատեց Ամալյանը, թվայնացման ավարտից հետո հեռուստաընկերությունների քանակը կտրուկ աճելու է, քանի որ 18 անալոգային հաճախականություններով կարող են աշխատել թվային ձևաչափով հեռարձակող մի քանի տասնյակ հեռուստաընկերություններ: Նա ավելացրեց նաև, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 14 մլրդ դրամ: «Դրանից 8 մլրդ կծախսվի բացառապես հեռուստառադիոհեռարձակման թվայնացման համար, իսկ 4-ը` սոցիալական փաթեթի, այսինքն, բնակչության սոցիալապես անապահով խավերի համար թվային ազդանշանն ընդունելու համար նախատեսված սարքերի (դեկոդերների) գնման ծրագրի համար»,- նշեց նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---