Օտարալեզու դպրոցների բացման դեմ ուղղված համերգը առժամանակ հետաձգվում է

PanARMENIAN.Net - Օտարալեզու դպրոցների բացումը ապագայում կբերի հայ ազգի լեզվափոխությանը, ինչպես եղավ իռլանդացիների, շոտլանդացիների, աբխազների և այլ ազգերի հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Նվարդ Մանասյանը:

Ըստ խմբի անդամների, կգոյանա այլալեզու վերնախավ և հայալեզու ստորախավ, և հայոց լեզուն կվերածվի կենցաղային լեզվի, չնայած, ըստ ՀՀ սահմանադրության, Հայաստանի պետական լեզուն հայերենն է:

Խմբի անդամները նշեցին, որ, եթե խոսքը վերաբերում է օտար լեզուների խորացված ուսուցմանը, ապա դա հնարավոր է իրկանացնել նաև ներկայումս գործող օրենքների շրջանակներում, ինչի ապացույցն են արդեն իսկ բացված ֆրանսիական և անգլիական մի շարք դպրոցները, որոնք գործում են միջպետական համաձայնագրի հիմքի վրա:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» խումբը պահանջում է, որ Ազգային Ժողովը մերժի այդ վտանգավոր օրինագիծը, և որ օտար լեզուների խորացված ուսուցումը լինի հայոց լեզվի հիմքի վրա:

Խմբի անդամները խոսեցին նաև օտարալեզու դպրոցների բացման դեմ ուղղված համերգի մասին, որին մասնակցելու համաձայնություն էին հայտնել բազմաթիվ երգիչ-երգչուհիներ: Արայիկ Հարությունյանը նշեց, որ ըստ պայմանավորվածության հունիսի 19-ին Մոսկվա կինոթատրոնի հարակից հրապարակում պետք է տեղի ունենար համերգ: «Երևան քաղաքի Կենտրոն թաղապետարանի կողմից պիտի տրամադրվեր համապատսխան թուղթ, սակայն վերջին պահին նրանք հրաժարվում են, և ստիպված համերգը առժամանակ հետաձգվում է»-հայտարարեցին նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---