ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ օրիգամիի յուրատեսակ հավաքածուի ցուցադրության շնորհանդես

PanARMENIAN.Net - «Խաղաղության լապտերներ» հայ-ճապոնական ծրագրի շրջանակներում օրիգամիի յուրատեսակ հավաքածուի ցուցադրության շնորհանդես տեղի ունեցավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Միջոցառումը թատերականացված ցուցահանդես էր` նվիրված 1945թ. ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակին:

Հայաստանում օրիգամիի այս ցուցահանդեսը նպատակաուղղված է հայ-ճապոնական հարաբերությունների խթանմանը, և հիմնական նպատակը խաղաղության մասին հանրային իրազեկության բարձրացումն է: Ցուցահանդեսը կազմակերպել են Հայ-ճապոնական գիտակրթամշակութային «Հիկարի» կենտրոնը, Գեղագիտության ազգային կենտրոնը` ՄԱԿ-ի մշտական համակարգողի աջակցությամբ:

Իր ողջույնի խոսքում տկն Դաֆինա Գերչևան ասել է. «Ցուցահանդեսները խաղաղության մասին հանրությանը իրազեկելու ու ժողովուրդների միջև կապեր հաստատելու հիանալի միջոց են: Այլ մշակույթների և կենցաղավարության մասին տեղեկացվածությունը համընդհանուր խաղաղություն ու գործընկերություն զարգացնելու հրաշալի միջոց է: Սա հենց Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներից մեկն է»:

Գեղագիտության ազգային կենտրոնի սաների մտահղացումը կյանքի է կոչվել 2005թ., երբ փոքրիկ ճապոնուհի Սադակո Սասակիի ողբերգական պատմությունը տարածվեց աշխարհում: Սադակոն երկու տարեկան էր, երբ ատոմային հարձակումը տեղի ունեցավ և, որպես հետևանք, նա սկսեց տառապել լեյկիմիայով: Նա հավատում էր, որ եթե կարողանա հազար թղթե կռունկ պատրաստել, կբուժվի: Բայց նրա երազանքը չիրականացավ: 12 տարեկան հասակում Սադակոն, երբ պատրաստել էր իր 644-րդ կռունկը, հրաժեշտ տվեց կյանքին:

Հայ մանուկներն իրականացրեցին Սադակոյի անավարտ մնացած երազանքը և նրանք արդեն հինգերորդ պատերազմը դատապարտող և խաղաղություն քարոզող իրենց հույզերն ու մտքերը լապտերների տեսքով կուղարկեն Ճապոնիայի Խաղաղության հիշատակի հիմնադրամին: Հայ երեխաների այս աննախադեպ ծրագիրը 2008 թվականին վերաճեց միջազգային ծրագրի, քանի որ հայ երեխաների այս նախաձեռնությանը միացան Կանադայի, Անգլիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի երեխաները: Հենց այս լուսավոր ծրագիրն էլ հիմք է հանդիսացել սկսելու Երևան-Հիրոսիմա` քույր քաղաքներ գործընթացը:

Հայ երեխաների այս յուրատեսակ ակցիան ճապոնացիներն ու միջազգային հանրությունը շատ բարձր են գնահատել: Այսպիսով, հայ երեխաները ոչ միայն նկարիչներ ու երգիչներ դարձան, այլև խաղաղության իսկական դեսպաններ:

Միջոցառումը համընկավ Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան բացման ու Մշակույթների մերձեցման միջազգային տարվա շնորհանդեսի հետ: Այս մասին հաղորդում է ՄԱԿ- ի հայաստանյան գրասենյակի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---