ՀԳՀ Միությունը և Դան Միությունը կնքեցին համագործակցության հուշագիր

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին Երևանում Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀ Միություն) և Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ Միություն) կնքեցին Համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ՀԳՀ Միության անունից ստորագրեց միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը,իսկ ԴԱՆ Միության անունից՝ միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։

Փաստաթղթի կնքումով կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը նպաստելու սոցիալական գործընկերության կայացմանը և զարգացմանը, գործարարության կայուն և շարունակական զարգացմանը, տնտեսական մրցակցությունում բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ապահովմանը, դեղագործության ոլորտի արտադրության քանակական և որակական աճին, ոլորտի արտադրանքի սպառման ծավալների մեծացմանը, աշխատաշուկայի պահանջների շարունակական ուսումնասիրմանը, դեռահասների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսումնական ծրագրերի կատարելագործմանը, մասնագիտական կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և արհմիությունների հետ հարաբերություններում ոլորտի գործատուների շահերի պաշտպանությանը և նրանց հավաքական դիրքորոշման ներկայացմանը։

Բացի այդ, ՀԳՀ Միությունը և ԴԱՆ Միությունը մտադիր են սոցիալական գործընկերության շրջանակներում իրականացնել համաձայնեցված քաղաքականություն, մասնակցել կողմերի կազմակերպած հանդիպումներին, քննարկումներին ու միջոցառումներին (թրեյնինգներ, կլոր սեղաններ, սեմինարներ, խորհրդակցություններ և այլն)։

Փաստաթղթի ստորագրմանը հետևած ասուլիսին Գ.Մակարյանը նշեց, որ Հայաստանի դեղագործության ոլորտն ունի զարգացման, արտադրության և արտահանման ծավալները մեծացնելու մեծ ներուժ։ Այդ ներուժի իրացման առումով նա կարևորեց Համագործակցության հուշագրի շրջանակներում ԴԱՆ Միությանը և կազմակերպության անդամներին ՀԳՀ Միության կողմից խորհրդատվական աջակցության տրամադրումը ձեռնարկություններում GMP (ՊԱԳ-Պատշաճ արտադրական գործունեություն) և որակի կառավարման ստանդարտների ներդման, ներքին շուկայում դեղերի շրաջանառության կարգավորման և կադրերի պատրաստման ոլորտներում։

Ս.Զաքարյանը կարևորեց երկու միությունների համագործակցությունը հատկապես հայկական շուկայում հայրենական դեղագործական արտադրանքի նկատմամբ վստահության ամրապնդման և այդ արտադրանքի ճանաչելիության մակարդակի բարձրացման առումով։ Նա նշեց, որ հայկական դեղերն իրենց որակով չեն զիջում արտասահմանյան նույնատիպ արտադրանքին, ինչը հավաստվում է Հայաստանում հայկական և արտասահմանյան դեղերի գրանցման փորձարկումների արդյունքներով։ Միաժամանակ, հայրենական դեղագործական արտադրանքը մի քանի անգամ էժան է։ Ըստ ԴԱՆ Միության նախագահի, հայկական դեղերն առայժմ արտահանվում են միայն ԱՊՀ երկրներ, իսկ Հայաստանում GMP ստանդարտների ներդրման և այդ ստանդարտներին ձեռնարկությունների համապատասխանությունը հսկող (տեսչական) համակարգերի գործողության դեպքում, կստեղծվի հայկական դեղագործական արտադրանքը նաև հեռավոր արտասահմանի երկրներ արտահանելու հնարավորություն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---