Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի երկրամասի պատվիրակությունը

Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի երկրամասի պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ից 21-ը Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի երկրամասի պատվիրակությունը` երկրամասի գլխավոր ճարտարապետ Տատյանա Տարասովայի գլխավորությամբ: Այցի նպատակը Գյումրիում բարեկարգվող Պատվի բլուր ռուսական զինվորական գերեզմանատան շինարարական աշխատանքներին ծանոթանալն էր: Պատվիրակության անդամները, տեղում ծանոթանալով ընթացող շինարարությանը, բարձր գնահատեցին կատարված աշխատանքները: Տատյանա Տարասովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց կառույցի յուրօրինակությունն ու առանձնահատկությունը, ինչպես նաև կարևորեց ռուս և հայ ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցության առավել խորացման անհրաժեշտությունը: Տատյանա Տարասովան բարձր գնահատեց նաև Պատվի Բլրի բարեկարգման աշխատանքներն իրականացնող «Պատվի գործ» ռուս-հայկական կազմակերպության համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանի անձնական ավանդը նմանօրինակ լայնածավալ աշխատանքները կարճ ժամանակահատվածում բարեխղճորեն իրականացնելու հարցում: Իրհերթին, Անդրանիկ Նիկողոսյանը Տատյանա Տարասովային փոխանցեց «Պատվի գործ» կազմակերպության կողմից պատրաստված «Պատվի բլրի վերածնունդը» ալբոմը, որում ներկայացվում է գերեզմանատան բարեկարգման ողջ պատմությունը: Անդրանիկ Նիկողոսյանն ընդգծեց, որ Պատվի Բլուրը ապագա սերունդներին մեր անցած ընդհանուր ճանապարհի մասին վառ հիշեցում կլինի:

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Գյումրի քաղաքում վերականգնվում է «Պատվի բլուր» կոչվող` 1853-56թթ. և 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի սպաների և զինվորական բժիշկների գերեզմանատունը, որի տեղում անցած դարի 50-ական թվականներին կառուցվել էր մանկական առողջարան:

ՀՀ Շիրակի մարզպետի և ՌԴ Ուլյանովսկի նահանգապետի համագործակցության արդյունքում, ՀՀ և ՌԴ իշխանությունների աջակցությամբ, 2009թ. դեկտեմբեր ամսից սկսվել էին քանդման, վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները, որոնք ամբողջությամբ իրականացնում է հատուկ այդ նպատակով ստեղծված «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը:

Պատվո բլրի բարեկարգմանաշխատանքները մոտենում են ավարտին: Հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի կեսերին, հաղորդում է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության մամլո կենտրոնի ղեկավար Աշոտ Պողոսյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---