Երևանի պետական համալսարանի ուսանողները դժգոհ են ԵԱՀԿ Մինսկի խմբի կեցվածքից

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի ուսանողները իրենց խիստ անհանգստությունն են հայտնում վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կապակցությամբ: Այդ առնչությամբ ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարությամբ դիմել է ԵԱՀԿ նախագահ, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Կանատ Սաուդաբաևին և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար պարոն Մարկ Պերրեն Դե Բրիշամբոյին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Կարծում ենք, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքը ներկայումս հանդիսանում է Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ քաղաքականությունը, որի հետևանքներն են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին ադրբեջանական դիվերսիոն խմբերի ակտիվացման փորձերը, արձակվող կրակահերթերը, հաճախակի դարձած բազմաբնույթ սադրանքները և որպես հետևանք` մարդկային զոհերը»:

«Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ Երևանի պետական համալսարանի ուսանողությունը չի ցանկանում պատերազմ, բայց և չի վախենում պատերազմից:

Հայտնում ենք Ձեզ, որ վերջերս հաճախակի դարձած սադրանքների հարցում Երևանի պետական համալսարանի ուսանողները դժգոհ են ԵԱՀԿ Մինսկի խմբի կեցվածքից: Որպես հակամարտության կարգավորման միջնորդ կողմ` ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է արդար գնահատական տա և դատապարտի սահմանային հատվածում տեղի ունեցող սադրանքների կազմակերպիչ կողմին` Ադրբեջանին, և ոչ թե սահմանափակվի կողմերին հրադադարի ռեժիմը պահպանելու կոչեր անելով: Ադրբեջանը 1938 թ-ի Գերմանիան չէ, և ոչ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է 1938 թ-ի Սուդետական մարզը, թույլ մի՛տվեք Չեմբեռլենի և Դալադիեի սխալը. ագրեսորին զսպել և խաղաղեցնել է պետք, ոչ թե սիրաշահել: Կոչ ենք անում Ձեզ ձեռնարկելու քայլերª զսպելու ագրեսորին` նավթադոլարային գլխապտույտի մեջ ընկած ադրբեջանական ղեկավարությանը, հակառակ պարագայում կխաթարվի անվտանգությունը ողջ տարածաշրջանում»,-ասվում է ԵՊՀ ուսխորհրդի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---