Աշխարհի ամենահամեղ փառատոնը տեղի կունենա Հայաստանում

PanARMENIAN.Net - «Փառատոնի ստեղծման գաղափարը ծագեց լայն հասարակայնությանը հայկական ավանդական խոհանոցը ներկայացնելու ցանկությունից»,- սեպտեմբերի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Հայկական խոհանոցի ավանդույթների պահպանում և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը:

Նա նշել է, որ անցյալ տարվա խորովածի փառատոնի արդյունքներն իրեն ապշեցրել են, քանի որ հայտնաբերվել են խորովածի պատրաստման նորագույն տեխնոլոգիաներ, նոր համադրություններ և ձևավորումներ: «Դա տուրիզմի զարգացման և ազգային խոհանոցային ավանդույթների վերածնման նոր փուլ է»,- նշել է Սեդրակ Մամուլյանը` ընդգծելով, որ այդ ոլորտում նախատեսվում է նաև այլ ծրագրեր անցկացնել` ուղղված հայկական խոհանոցի մոռացված բաղադրատոմսերի հայտնաբերմանն ու զարգացմանը, ինչը նույնպես խթանում է Հայաստանում տուրիզմի զարգացմանը:

«Նման փառատոններն ու այլ մշակութային ծրագրերը համապատասխան ենթակառույցների զարգացմանը զուգահեռ պետք է տուրիստներ գրավեն դեպի Հայաստան և նպաստեն տուրիզմի զարգացմանը: Մեր խորովածի փառատոնը կլինի լավագույնն աշխարհում»,- ընդգծել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Խորովածի փառատոնում իրենց վարպետությունը կցուցադրեն ինչպես պրոֆեսիոնալ խոհարարներ, այնպես էլ խոհարարությամբ սիրողական զբաղվողներ, ինչպես նաև զանազան կազմակերպությունների ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Յոթ անվանակարգերի հաղթողները հուշանվերներ և դիպլոմներ կստանան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---