Սեպտեմբերի 17-ին անցկացվեց «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը, որն անցկացրել են նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովները: Մրցույթներին մասնակցել է մարզային փուլում հաղթող ճանաչված ՀՀ բոլոր մարզերի և Երևանի 30 մանկավարժ:

Մրցույթի ընթացքում «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում սահմանվել են «Նվիրում երեխաներին», «Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ», «Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար»; «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում` «Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար», «Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար», «Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար»; «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում` «Սիրտս նվիրում եմ երեխաներին», «Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար», «Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար» անվանակարգերը:

2010 թվականի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա «Ուսուցչի օրը» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում: «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի հաղթողներին կտրվեն ավտոմեքենաներ:

Կրթական բնագավառում ցուցաբերած վաստակի և երկարամյա մանկավարժական գործունեության համար հանրապետության մի շարք մանկավարժներ կպարգևատրվեն «Մովսես Խորենացի» մեդալով, կարժանանան ՀՀ «Վաստակավոր մանկավարժի» կոչման, իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթին մասնակցած մի քանի տնօրեններ` ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալի»:

Արդեն տասներորդ տարին անընդմեջ «Ուսուցչի տոնի» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունն անցկացնում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները, հաղորդում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---