Սեպտեմբերի 21-24-ը Հոլանդիայում ԵԵԿ Կենտրոնական կոմիտեի հանդիպում գումարվեց

PanARMENIAN.Net - Նիդերլանդների Բողոքական Եկեղեցիների հրավերով սեպտեմբերի 21-24-ը Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեն իր տարեկան հանդիպումը գումարեց Հոլանդիայի Ուտրեխ քաղաքում: Ժողովի ընթացքում լսվեցին ԵԵԿ-ի գործող գլխավոր քարտուղարի, կառույցի «Եկեղեցիներն երկխոսության մեջ», «Եկեղեցի և Հասարակություն» և Միգրացիայի հարցերով հանձնախմբերի զեկույցները տարեկան գործունեության մասին: Կենտրոնական կոմիտեն քննեց և հաստատեց Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի 2011 թ. աշխատանքային հրամայակաները, լսեց ԵԵԿ-կառույցը վերակազմավորող հանձնախմբի զեկույցը և հանձնարարականներ տվեց հետագա աշխատանքների համար:

Կենտրոնական Կոմիտեն լսեց նաև Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի և Եվրոպայում Կաթոլիկ Եկեղեցու Եպիսկոպոսական Խորհրդի միջև համագործակցության հատուկ հանձնախմբի զեկույցը:

Կոմիտեի անդամները մտքեր փոխանակեցին «Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի առաքելությունն այսօրվա աշխարհում» թեմայի շուրջ` հաստատելով, որ Կոնֆերանսը մի կառույց է, որտեղ եկեղեցիները իրենց ներկայացուցիչների միջոցով հանդիպում են միմյանց ավելի լավ ճանաչելու համար, ինչի միջոցով լսելի է դառնում ավելի փոքր Եկեղեցիների, խոցելի խմբերի ձայնը արդարության և խաղաղության հարցերի շուրջ: Նաև կարևորվեց աշխարհում ԵԵԿ-ի կատարած ջատագովական աշխատանքը, ինչպես նաև կազմակերպած աստվածաբանական քննարկումները:

Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսը ընտրեց և հաստատեց 2013թ. համաժողովը նախապատրաստող հանձնախմբի անդամներին: Սեպտեմբեր 23-ի երեկոյան Կենտրոնական Կոմիտեի անդամները հանդիպեցին Հոլանդիայի Եկեղեցիների ներկայացուցիչների հետ, որոնց մեջ էր նաև Հոլանդիայի հոգևոր հովիվ Տ. Տաթև վարդապետ Հակոբյանը, ով ներկաներին տեղեկություններ հայտնեց Հոլանդիայի հայ համայնքի և գործող հինգ ծխերի հոգևոր կյանքի ու էկումենիկ կապերի մասին:

Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական Կոմիտեի հանդիպմանը մասնակցում է այդ կառույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ով նաև Կոնֆերանսի նախագահ Ֆրանսիայի Էմանուել միտրոպոլիտի հետ ընտրվեց նոր գլխավոր քարտուղարի ընտրության հանձնախմբում, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---