Սևանի ջրածածկ ափամերձ տարածքների մաքրման համար հատուկ սարքավորումներ կներկրվեն Ֆինլանդիայից

Սևանի ջրածածկ ափամերձ տարածքների մաքրման համար հատուկ սարքավորումներ կներկրվեն Ֆինլանդիայից

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ:

Խորհրդին ներկայացվեց ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկանքը` Սեւանա լճի մինչեւ1900.25մ նիշն ընկած տարածքի 520 շենք- շինությունների ապամոնտաժման միջոցառումների վերաբերյալ: Տեղեկացվեց, որ նշված շենք-շինություններից 32-ը գտնվում են «Սեւան» ազգային պարկ» տնօրինության ներքո, եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը սեղմ ժամկետներում պետք է ներկայացնի դրանց ապամոնտաժման աշխատանքների ժամանակացույցը: Ապամոնտաժման գործընթացն այդ տարածքում արդեն մեկնարկել է:

Խորհուրդը որոշեց ստեղծել մասնագիտացված աշխատանքային խումբ` վերոնշյալ տարածքում պետական կամ վարձակալված հողերի վրա գտնվող եւ սեփականության իրավունքը չգրանցած շենք-շինությունների իրավական կարգավիճակը ուսումնասիրելու նպատակով: Արդեն դասակարգված շինությունների ապամոնտաժման ժամկետներն ու ֆինանսական աղբյուրները կքննարկվեն խորհրդում: Իսկ իրավական խնդիրներ չունեցող շինությունների ապամոնտաժումը պետք է սկսել սեղմ ժամկետներում: Որոշվեց, որ բանապահպանության նախարարությունն այդ նպատակով պետք է աշխատանքներ իրականացնի սեփականատերերի հետ: Փոխվարչապետը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում այցելել Գեղարքունքի մարզ` տեղում աշխատանքներին ծանոթանալու համար:

Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց բնապահպանության փոխնախարար Ս. Պապյանը: Բնապահապանության նախարար Ա. Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ մինչեւ հոկտեմբերի վերջ Հայաստան կբերվի ֆիննական «Water master» ընկերության հատուկ սարքավորումը, որով հնարավոր կլինի արդեն ջրածածկված ափամերձ տարածքների մաքրման արդյունավետ աշխատանքներ իրականացնել:

Ջրածածկ անտառների, ինչպես նաեւ մինչեւ 1902մ նիշն ընկած հատվածի տարածքների հետագա մաքրումն իրականացնելու վերաբերյալ որոշվեց, որ պետական շահագրգիռ մարմինները համատեղ կքննարկեն եւ առաջարկություններ կներկայացնեն դրանց արդյունավետ կազմակերպման վերաբերյալ: Նշվեց, որ մաքրումն իրականացնող կազմակերպությունները հնարավորություն կունենան ինքնուրույն իրացնել անտառափայտը` այդպիսով իսկ նվազեցնելով աշխատանքների ինքնարժեքը: Կարեւորվեց, որ այդ աշխատանքների իրականացման համար ընտրվեն համապատասխան փորձ եւ տեխնիկական հնարավորություններ ունեցող կազմակերպությունները:

Խորհուրդը որոշեց նաեւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման 2007-2011թթ. պլանի ամփոփ հաշվետվությունը լսել առաջիկա նիստերի ժամանակ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---