Երևանի շենքերի շուրջ 80 տոկոսը սեյսմակայուն չէ

PanARMENIAN.Net - Երևանի շենքերի շուրջ 80 տոկոսը կտուժի 1988թ. Սպիտակի երկրաշարժի նման աղետի դեպքում: Այդ մասին դեկտեմբերի 7-ին լրագրողներին է ասել սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը: Ըստ նրա, մայրաքաղաքի գերբնակեցված ու գերծանրաբեռնված կենտրոնը սոցիալապես վտանգավոր է սեյսմակայունության տեսակետից: Ըստ փորձագետի, երկրաշարժի դեպքում Երևանում զոհերի թիվը կհասնի 300 հազարի: «Մենք ապրում ենք սեյսմիկ ակտիվության գոտում և չպետք է մոռանանք 1988թ. երկրաշարժը»,-նշել է Միքայել Մելքումյանը: Ըստ նրա, անվտանգության մակարդակին Երևանում չեն համապատասխանում ինչպես խորհրդային տարիների շենքերը, այնպես էլ նորակառույցները:

«Ցավոք, չեմ կարող ասել, որ մենք պատրաստ ենք դիմակայել աղետին: Անկասկած, զգալի քայլեր արվում են այդ ուղղությամբ. գործում է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, հաստատվել են սեյսմակայունության ազգային նորմերը, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին: Եթե մենք շենքերը կառուցենք ըստ այդ չափանիշների, մենք հուսալի կառույցներ կունենանք: Հարկավոր է հասկանալ, որ սպառնալիքի անտեսումը կհանգեցնի մեր ժողովրդի համար կործանարար աղետի», հայտարարել է Միքայել Մելքումյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---