Հայ երիտասարդությունը պայքարում է բրիտանական հանրագիտարանում Հայաստանի մասին տեղեկությունների կեղծման դեմ

PanARMENIAN.Net - «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնողական խումբը պայքար է մղում բրիտանական հանրագիտարանում Հայաստանի մասին տեղեկատվության կեղծման դեմ: «Առայժմ մենք զանազան քարոզարշավներ ենք իրականացնում Ինտերնետի միջոցով, մասնավորապես այնպիսի սոցիալական ցանցերում, ինչպիսին են «Facebook»-ը, «Օդնոկլասնիկի.ռու»-ն, «Վ կոնտակտե»-ն և այլն: Սակայն դեկտեմբերի 15-ին խաղաղ երթ կկազմակերպվի ի նշան ռուսական «Մախաոն» հրատարակության կողմից վերահրատարակված բրիտանական «Աշխարհագրության մեծ նկարազարդ հանրագիտարանում» տեղ գտած Հայաստանի մասին տեղեկատվության կեղծումների դեմ բողոքի»,- դեկտեմբերի 8-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց «Անկախ» շաբաթաթերթի թղթակից, «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնողության համակարգող Անի Գասպարյանը: Նրա խոսքով` խումբը կփորձի գրավել Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դեսպանությունների ուշադրությունը` ակնկալելով նրանց աջակցությունը:

«Միասին» երիտասարդական շարժման նախագահ, նորաստեղծ նախաձեռնողական խմբի անդամ Հակոբ Հակոբյանն իր հերթին նկատեց, որ «նման կեղծ տեղեկատվության տարածումն ինտերնետում կամ պարբերականներում նույնպես զայրույթ կառաջացներ, բայց ոչ այնքան ուժեղ, ինչպիսին առաջ բերեցին հանրագիտարանում տեղ գտած կեղծումները». «Չէ՞ որ նման գրականությունից տեղեկություններն օգտագործվում են գիտական աշխատանքներում, դրանց հղումներ են կատարում, հենց դա է հատկապես զայրացնում մեր կողմին»:

«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնողական խմբի անդամներն ավելացրեցին, որ իրենք նույնպես մտադիր են Սփյուռքին դիմել աջակցության համար, իսկ անհրաժեշտության դեպքում` ղեկավարվել միջազգային իրավունքի սկզբունքներով:

2003 թվականին մանկական գրականության բրիտանական «Մակմիլլան» հրատարակությունը «Աշխարհագրության մեծ նկարազարդ հանրագիտարան» հրատարակեց, որում տեղ գտան Հայաստանի մասին կեղծված տվյալներ: Գրքում, մասնավորապես, ասվում է, որ նախ` «Հայաստանում պետական լեզուն հայերենն ու ադրբեջաներենն են»: Երկրորդը` «երկրում գործում է Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցին և Շիա Իսլամը»: Երրորդը` 1991թ. անկախացումից ի վեր Հայաստանը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի` «մեծ թվով հայ բնակչությամբ ադրբեջանական տարածքի համար»: Բոլոր այս փաստերը կոպիտ կեղծումներ են և բոլորովին չեն համապատասխանում իրականությանը: 2009 թվականին ռուսական «Մախաոն» հրատարակությունը թարգմանեց և վերահրատարակեց բրիտանական «Աշխարհագրության մեծ նկարազարդ հանրագիտարանը»` իր հրատարակության մեջ նույնպես ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները:

Այդ կեղծումները հայտնաբերվեցին հայ լրագրողի կողմից այս տարվա սեպտեմբերի 24-ին: Դրա հետևանքը եղավ «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնողական խմբի ստեղծումը, որի մեջ արդեն մտել են ավելի քան մեկ տասնյակ երիտասարդական կազմակերպություններ և զանազան կուսակցությունների երիտասարդական կառույցներ: Խմբի անդամները զանազան քարոզարշավերի միջոցով փորձում են դիմակայել կեղծումներին և հասնել սխալների ուղղման: Նրանց գործունեությունն ուղղված է նաև ապագայում նման երևույթների կանխմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---