Փորձնական մարդահամարի արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ

Փորձնական մարդահամարի արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցավ ՀՀ 2011թ. մարդահամարի կազմակերպման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նիստը: Արձանագրվեց, որ 2010թ. հոկտեմբերի 21-30-ը Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում եւ Տավուշի մարզի չորս գյուղական համայնքներում անցկացված փորձնական մարդահամարից ակնկալիքները հիմնականում արդարացվել են, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը կայացել է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կ.Կույումջյանը ներկայացրեց փորձնական մարդահամարի նախապատրաստման եւ անցակացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները` 2011թ. բուն մարդահամարի գործընթացն իրականացնելիս դրանցից խուսափելու համար: Մասնավորապես նշվեց, որ քաղաքային համայնքում որոշակի դժվարություններ են առաջացել փողոցների անվանացուցակների եւ շինությունների համարանիշների բացակայության պատճառով, բացի այդ, նկատվել է սխեմատիկ հատակագծերում նշված հասցեների եւ համայնքի հասցեատնտեսությունների միջեւ անհամապատասխանություն, ինչը կարգավորելու համար ԱՎԾ-ն ակնկալում է ՏԻՄ-երի աջակցությունը:

Գյուղական վայրերում համայնքների կողմից վարվող գրքերում նկատվել են բնակիչների տվյալների անճշտություններ: Նշվեց, որ խնդիրներ են ծագել նաեւ հողաչափերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ստանալու հարցում: Ա. Գեւորգյանը հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել հասցեգրման խնդիրներ ունեցող բնակավայրերի ցանկը, որպեսզի ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կարողանա համայնքների հետ համատեղ սկսել հասցեագրման աշխատանքները:

Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, որոշվեց 2011թ. հունվարի երկրորդ կեսին մարզպետների մասնակցությամբ անցկացնել հատուկ խորհրդակցություն: Քննարկվեցին նաեւ 2011թ. մարդահամարի գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հետ կապված հարցեր: Փոխվարչապետ, մարդահամարի կազմակերպման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Ա. Գեւորգյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց այն պետություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերել 2011թ. բուն մարդահամարի կազմակերպմանը: Մասնավորապես 585 հազ. դոլար է տրամադրել Նորվեգիայի կառավարությունը, 200 հազ. դոլար` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, 100 հազ. դոլար` Համաշխարհային բանկը, 400 հազ. շվեյցարական ֆրանկ` Շվեյցարիայի կառավարության զարգացման եւ համագործակցության կազմակերպությունը, 12 հազ. եվրո` Իտալիայի կառավարությունը, 100 հազ. դոլարի նյութական աջակցություն` Հնդկաստանի կառավարությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---