Հայաստանի տարբեր մարզերի 13-18տ աղջիկներ կմասնակցեն Ծաղկաձորում կազմակերպվող ձմեռային ճամբարին

PanARMENIAN.Net - «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ «ՀՀ-ում «Աղջիկների երկիր» շարժման ստեղծում» ծրագրի շրջանակներում կազմակերպում է 10-օրյա (հունվարի 14-23-ը) ձմեռային ճամբար Հայաստանի տարբեր մարզերի 13-18 տարեկան 77 աղջիկների համար: Ինչպես հայտնել է հունվարի 12-ին Երևանում մամլո ասուլիսում Ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, ձմեռային ճամբարը կազմակերպվելու է Ծաղկաձորում: «Այդ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ՀՀ կառավարման համակարգի մասին տեղեկացվածության մակարդակը: Մեր խնդիրն է կանանց սերնդի ստեղծումը, որոնք իրազեկված են լինելու ինչպես իրավունքների, այնպես էլ պետության առջև իրենց պարտավորությունների մասին»,- ասել է Ասատրյանը:

Նրա խոսքերով, ճամբարում կազմակերպվելու են դասընթացներ, քննարկումներ, սեմինարներ, հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: «Հունվարի 20-ին նախատեսվում է հանդիպում հաջողակ կանանց հետ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ. բիզնես, կրթություն և այլն: Այդ կանանց հետ հանդիպման շրջանակներում աղջիկներին պատմելու են իրենց պատմությունները, կիսվելու են իրենց փորձով»,- ասել է Լիլիթ Ասատրյանը:

Նա հավելել է, որ 230 հայտատուներից ընտրվել է 77 մասնակից:

Նա նշել է նաև, որ ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:

«Երիտասարդ կանանց ասոցիացիայի» նպատակն է կանանց դերի բարձրացումը հայ հասարակության մեջ: Նրա կարգախոսը կարելի է համարել հետևյալ արտահայտությունը. «Մենք վերացնում ենք ոչ թե հետևանքները, այլ պատճառները»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---