ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է նպաստել նորածնային մահացության կրճատմանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է նպաստել նորածնային մահացության կրճատմանը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը հայաստանցի մի խումբ նեոնատոլոգների հետ այցելել են Մարտունու ծննդատուն: Ինչպես հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և BirthLink ՀԿ-ի համագործակցության շրջանակներում ծննդատունը համալրվել է նեոնատալ խնամք ապահովող ռադիանտ տաքացուցիչներով, վերակենդանացման սարքերով, տաքացնող ներքնակներով, թթվածնային մոնիտորներով և ինֆուզիոն պոմպով: Տրամադրվել են նաև նորածինների շտապ տեղափոխման պարագաներ:

«4 տարի առաջ ծրագրի մեկնարկը տրվեց Երևանում, որի արդյունքում կարևորագույն սարքավորումներով համալրվեց մայրաքաղաքի 11 հիվանդանոց: Մեզ համար ուղղակի սկզբունքային եղավ ծրագրի երկրորդ` մարզային, փուլի մեկնարկը: Նախորդ տարեվերջին մենք եղանք Գյումրիում, իսկ հիմա այստեղ ենք: Մենք չենք սահմանափակվելու եղածով: Մարզային նոր այցելություններին զուգահեռ` ուշադրության կենտրոնում է լինելու նաև մասնագետների վերապատրաստումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների ցուցանիշները, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: Ի դեպ, նորածինների մահացության ռիսկը մեր երկրում կրճատելու ուղղությամբ իրականացվել է զգալի ծավալի աշխատանք և 144 մլն դրամի ներդրում` միայն մայրաքաղաքի 11 հիվանդանոցում: Այսօր արդեն մասնագետներն արձանագրում են, որ դրական միտումն ակնհայտ է, և նորածինների մահացության ռիսկը կրճատվել է 25-30 տոկոսով:

Լինելով պատասխանատու կորպորատիվ քաղաքացի` ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնածավալ ներդրումներ է իրականացնում նպատակային այնպիսի ծրագրերում, որոնք ուղղված են մայրական և նորածնային խնամքի բուժծառայությունների որակի բարելավմանը և հեռավոր գյուղական համայնքներում այդ ծառայությունների հասանելիության ապահովմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---