ՀՀ և Վրաստանի նախագահները պարգևներ հանձնեցին հայ-վրացական դպրոցական օլիմպիադայի հաղթողներին

ՀՀ և Վրաստանի նախագահները պարգևներ հանձնեցին հայ-վրացական դպրոցական օլիմպիադայի հաղթողներին

PanARMENIAN.Net - Հայաստանի և Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Միխայիլ Սահակաշվիլին այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերության Երևանի գիտաարտադրական կենտրոն, որտեղ մասնակցել են հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադայի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների մրցանակաբաշխությանը:

Օլիմպիադայի կազմակերպման գաղափարը Հայաստանի և Վրաստանի նախագահներին է և նպատակ ունի երկու պետությունների համագործակցությունն ավելի ամրապնդել ու խորացնել ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային, այլ նաև գիտակրթական ոլորտներում: Հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադային, որն անցկացվել է մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա առարկաներից, յուրաքանչյուր երկրից մասնակցել է 30-ական աշակերտ: Պայմանավորվածության համաձայն, օլիմպիադան կլինի շարունակական, և երկու երկրները հաջորդաբար կհյուրընկալեն մասնակիցներին` ընդլայնելով նաև առարկաների ցանկը:

Երկու երկրների նախագահները յուրաքանչյուր առարկայից հաղթողներին հանձնել են համակարգիչներ: Մրցութային առարկաներից յուրաքանչյուրում ամենայուրօրինակ լուծում ներկայացրած Հայաստանի եւ Վրաստանի մասնակիցները խրախուսվել են նաև «Ամենայուրօրինակ լուծում» անվանակարգում:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միխայիլ Սաակաշվիլին շնորհավորել են օլիմպիադայի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, մաղթել` հաջողություններ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.

«Հայ-վրացական բարեկամությունը մենք չենք սկսել և բնական է` մեզնով չի ավարտվելու: Բայց մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է նոր շունչ հաղորդել, իր մասնակցությունը բերել, որպեսզի կարողանանք այդ թանկ ժառանգությունը փոխանցել մեր զավակներին:

Բայց ի՞նչ հայ-վրացական բարեկամություն առանց մրցակցության: Այս կատակի մեջ խորը իմաստ կա: Եվ այս իմաստը, ըստ իս, կայանում է նրանում, որ մենք հազարամյակներ ապրելով կողք-կողքի` երբեք իրար դեմ զենք չենք հանել: Մենք մրցել ենք գրականությամբ, մենք վիճել ենք, թե ում թատրոնն է ավելի հինը, ավելի լավը, ո՞վ է ավելի լավ ֆուտբոլ կամ շախմատ խաղում: Սա է եղել մեր մրցակցության հիմքը և սա շատ լավ պատգամ է, որպեսզի մենք կարողանանք փոխանցել մեր զավակներին:

Ես շատ ուրախ եմ Վրաստանի բուհերում ուսումը շարունակելու ցանկություն ունեցող Հայաստանի ուսանողներին Նախագահի կրթաթոշակ տրամադրելու նոր գաղափարի, առաջարկության համար և վստահ եմ, որ մենք էլ հնարավորություն կգտնենք, և վրացի երիտասարդներն էլ հետաքրքրություն կունենան Հայաստանի բուհերում սովորելու, այսինքն` այս առիթները որքան ավելացնենք, մեր նպատակներն ավելի լավ կարող ենք իրականացնել: Որքան շուտ իրականանան մեր նպատակները, մեր երկրները դառնալու են ավելի անվտանգ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ևս իր ողջույնի խոսքում գոհունակությամբ է խոսել օլիմպիադայի անցկացման գաղափարի իրականացման և դրա արդյունքների մասին, նշելով, որ երկրորդ օլիմպիադան անցկացվելու է Վրաստանում:

«Ցանկանում եմ այստեղ հայտարարել, որ ապագայում մենք նախատեսում ենք Նախագահի կրթաթոշակ տրամադրել Հայաստանի ուսանողներին, ովքեր կարող են ուսումը շարունակել Վրաստանի բուհերում: Ես համոզված եմ, որ տարածաշրջանի այս երկու երկրներն անպայման միշտ կողք-կողքի կլինեն, և ձեռք-ձեռքի բռնած կմտածենք մեր ապագայի մասին, որովհետև մեր ապագան պայմանավորված է հենց մեր երկու ժողովուրդների բարեկամությամբ»,- ասել է նախագահ Սաակաշվիլին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---