Հայաստանն այս տարի առաջին անգամ Եվրախորհրդին կներկայացնի թրաֆիկինգի դեմ պայքարի ազգային զեկույցը

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացավ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը հավանության արժանացրեց 2010թ. ընթացքում ՀՀ-ում թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, որն առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Ներկայացնելով հաշվետվությունը` խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում ամբողջացվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների փաթեթը, որն այժմ ԱԺ-ում 2-րդ ընթերցման փուլում է: Նախատեսվող փոփոխություններն ուղղված են թրաֆիկինգի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենսդրության բարելավմանը և ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների պահանջներին օրենսգրքի համապատասխանեցմանը: Փոփոխություն է կատարվել նաև «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ, որով թրաֆիկինգի ենթարկված անձինք ընդգրկվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին խմբերի ցանկում:

Ըստ Ձյունիկ Աղաջանյանի` այս տարի առաջին անգամ Հայաստանը մինչև սեպտեմբերի 1-ը Եվրախորհրդի` թրաֆիկինգի դեմ պայքարի փորձագիտական խմբին (GRETA) պետք է ներկայացնի Հայաստանի ազգային զեկույցը: Այն լրամշակելու և վերջնական տեսքի բերելու համար առաջարկվեց ստեղծել աշխատանքային խումբ:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ անցած տարի ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում են եղել հատկապես երեխաների շահագործման հետ կապված դեպքերը: 2010թ. ընթացքում վարույթ է իրականացվել երեխաների թրաֆիկինգի 5 քրեական գործով` 5 տուժողով: Քրեական հետախուզում է իրականացվել 7 մեղադրյալի նկատմամբ: Նրա տեղեկացմամբ, թրաֆիկինգի ենթարկված, ինչպես նաև թափառաշրջիկ երեխաների մեջ մեծ թիվ են կազմում չհաշվառված երեխաները, հաղորդում է ՀՀ ՏԿՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---