ՀՀ փոխվարչապետը քննարկեց Արարատի և Արմավիրի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը

ՀՀ փոխվարչապետը քննարկեց Արարատի և Արմավիրի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ Արարատի և Արմավիրի մարզպետարաններում ՏԿ նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ խորհրդակցությունների ժամանակ անդրադարձ եղավ նշված մարզերի զարգացման ծրագրերին:

Զեկուցվեց, որ «ՀՀ Արարատի մարզի 2011-2014թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով» մարզում տարբեր ոլորտներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր առմամբ 143,7 մլրդ դրամի ներդրում: Միայն 2011թ. ներդրումների ծավալը կազմելու է 33,1 մլրդ դրամ: Միջոցներ նախատեսված են ինչպես պետբյուջեից, այնպես էլ դոնորներից և այլ աղբյուրներից: «ՀՀ Արմավիրի մարզի 2011-2014թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով» ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 102,3 մլրդ դրամ, իսկ 2011թ. համար` 27,8 մլրդ դրամ:

Փոխվարչապետը նկատեց, որ արդեն առկա է նմանատիպ ծրագրերի իրականացման փորձ, և այն պետք է հաշվի առնել մեկնարկող ծրագրերում: Արմեն Գևորգյանը ոչ լիարժեք համարեց Արմավիրի մարզի զարգացման ծրագրի` 2011 թվականին նախատեսված միջոցառումները և հանձնարարեց մարզպետին վերանայել ու ամբողջացնել այն` հատկապես գյուղատնտեսության ոլորտում իրականացվող միջոցառումների մասով:

Խորհրդակցությունների ընթացքում ներկայացվեց համայնքների 2011 թ. բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2010թ. ցուցանիշների նկատմամբ: Փոխվարչապետն անդրադարձավ գյուղնշանակության հողերի վարձակալության խնդրին` նկատելով, որ երկու մարզերում էլ կան ռեզերվներ (Արարատի մարզում փաստացի վարձակալության է տրված համայնքային և պետական գյուղնշանակության հողերի 22,5%, Արմավիրում` 1,2%), ու համայնքապետերը կարող են շահագրգռել գյուղացիական տնտեսություններին` ավելացնելու վարձակալվող հողերի ծավալները, և համապատասխանաբար, համայնքների սեփական եկամուտները: Անդրադարձ եղավ նաև համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի աճուրդով օտարման գործընթացին:

Քննարկվեցին գարնանային գյուղատնտեսական աշխատանքների, ոռոգման նոր շրջանի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Տեղեկացվեց, որ երկու մարզում էլ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի» ծրագրերի ավարտին ոչ միայն կավելանան ոռոգելի հողատարածքները, այլև երրորդ կարգի ջրանցքների վերականգնումն անհամեմատ կհեշտացնի ոռոգման իրականացումը, հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---