Բնակչության պետական ռեգիստրում երեխաների գրանցման գործընթացն իրականացվում է հանրապետության ողջ տարածքում

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի կողմից մարզպետներին տարեսկզբին հանձնարարվել է համատեղ աշխատանքներ իրականացնել համապատասխան պետական մարմինների հետ` նախադպրոցական և կրթական հաստատություններում սովորող երեխաների գրանցումը Բնակչության պետական ռեգիստրում կազմակերպելու համար: Նման հանձնարարականի նպատակը Բնակչության պետական ռեգիստրի ամբողջականացումն է, ինչն անհրաժեշտ է մի շարք գործընթացների (օրինակ` զորակոչի հաշվառման) արդյունավետ կազմակերպման համար:

Բնակչության պետական ռեգիստրի գործող համակարգը ներդրվել է 2006թ-ին, իսկ մինչ այդ երեխաները գրանցվում էին ռեգիստրում միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ էր ձեռք բերել անձնագիր` արտերկիր մեկնելու համար, ուստի մինչև 2006թ-ը տվյալների բազան ամբողջական չէ: 2006-ից երեխաներն արդեն հաշվառվում են ռեգիստրում` անկախ նրանից` անձնագիր ունեն, թե ոչ:

Բացի այդ, վերջին շրջանում տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում առկա են չգրանցված ծնունդների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես` պարզվել է նաև, որ դպրոց են հաճախում երեխաներ, որոնք որևէ տեղ հաշվառված չեն: Նման կարգավիճակը հղի է տարբեր վտանգներով, օրինակ` կարող է հող ստեղծել երեխաների շահագործման համար: Գործընթացի նպատակը նաև այդօրինակ դեպքերի բացառումն է: Այդ իսկ պատճառով էլ որոշվեց հաշվառման վերաբերյալ տեղեկանք պահանջելու միջոցով իրականացնել բոլոր երեխաների գրանցումը Բնակչության պետական ռեգիստրում:

Այդ նպատակով ՀՀ կառավարության առաջարկով անցած տարի Ազգային ժողովը փոփոխություն է կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, ըստ որի մինչև 16 տարեկան երեխաների համար տեղականքները ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից տրամադրվում են անվճար: Գործընթացը շարունակվելու է մինչև ընթացիկ ուսումնական տարվա վերջը և կավարտվի մայիսի 31-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---