Երևանի միակ գիշերօթիկ մսուր-մանկապարտեզը հիմնանորոգվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով

Երևանի միակ գիշերօթիկ մսուր-մանկապարտեզը հիմնանորոգվում է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով

PanARMENIAN.Net - Արցախի ջրամատակարարման ծրագրերին համընթաց կյանքի են կոչվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստանձնած ծրագրերը մայրաքաղաքում եւ Հայաստանի մարզերում:Այդպիսի մի նախաձեռնություն է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի գիշերօթիկ մսուր-մանկապարտեզի հիմնանորոգումը, որն իրականացվում է Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի եւ հայաստանյան նվիրատուների հովանավորությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2010-ի նոյեմբերին եւ կավարտվի այս տարվա սեպտեմբերին:

Մանկապարտեզը 1965թ.-ի կառույց է, որը մասնավորապես վերջին շրջանում գործում էր խիստ անբարենպաստ պայմաններում: Սա մայրաքաղաքում գործող միակ գիշերօթիկ մսուր-մանկապարտեզն է: Այն գործում է 24-ժամյա ռեժիմով եւ սպասարկում Երեւանի սոցիալապես անապահով եւ ծնողազուրկ ընտանիքիներ երեխաներին: Ներկայումս 2-7 տարեկան 140-ից ավել երեխա է հաճախում մանկապարտեզ, որոնցից 70-ը` գիշերակացով: Երեխաները շաբաթ-կիրակի oրերն անցկացնում են իրենց ընտանիքներում:

Շենքի շուրջ 1600 քմ մակերեսն ամբողջությամբ հիմնանորոգվում է: Կառուցվում է նոր շքամուտք: Նախագծային նոր լուծումների շնորհիվ շենքի ճակատային մասը նոր տեսք կստանա, իսկ բաց պատշգամբների ապակեպատման եւ ջեռուցման շնորհիվ կընդլայնվի շենքի օգտագործելի հատվածը: Հիմնանորոգման ավարտին մանկապարտեզը կկարողանա իր հարկի տակ ընդունել մինչեւ 200 երեխա:

Տարածքի ցանկապատումն ու բարեկարգումը հնարավորություն կտան առավել արդյունավետ օգտագործել մանկապարտեզի ընդհանուր տարածքը: Մանկապարտեզի կահավորումը եւս ներառված է Հիմնադրամի առաջիկա ծրագրերում, ասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ:

«Մեր հովանավորների շնորհիվ մենք կունենանք ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթօջախ, որը մեր մանուկների համար կդառնա այն ցանկալի միջավայրը, որտեղ նրանք կշարունակեն ապրել ու կրթվել», - ասում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---