Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

PanARMENIAN.Net - Մարտի 17-19-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը ընդլայնված կազմով:

Ժողովի նիստերն ատենապետեցին ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

ԳՀԽ անդամներին ներկայացվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2010թ. գործունեության տեղեկագիրը և ֆինանսական հաշվետվությունը: Այնուհետև ժողովի օրակարգում քննության առնվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Մայր Աթոռ-նվիրապետական Աթոռներ, Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական և միջեկեղեցական այցերին, ներեկեղեցական խնդիրներին:

Ըստ այդմ, ժողովականների ուշադրությանը հանձնվեցին Նվիրապետական Աթոռներին և Մայր Աթոռի հետ փոխհարաբերություններին վերաբերող տեղեկություններ: Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կանոնական և ծիսական հանձնախմբերի կատարած աշխատանքների մասին Ժողովականներին զեկուցեցին հանձնախմբերի համաատենապետեր ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց զեկույցները և հորդորեց շարունակել աշխատանքները` ի նպաստ Հայ Եկեղեցու կյանքում առկա կանոնական և ծիսական խնդիրների լուծման և հաղթահարման:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության միաբանական ընդհանուր ժողովի արդյունքների մասին զեկույցներ ներկայացրեցին Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Տեղեկացվեց, որ ժողովում ընտրված հանձնախումբն առաջիկային Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին կներկայացնի պատրիարքության կանոնադրության մեջ աթոռակից պատրիարքի վերաբերյալ փոփոխությունների համապատասխան նախագիծը:

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության ընթացիկ հարցերի վերաբերյալ զեկուցեց Կ.Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Արամ Սրբազանը ներկայացրեց նաև պատրիարքության հիմնադրման 550-ամյակի առիթով ծրագրված միջոցառումները: Գնահատանքով ընդունելով զեկույցը` Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց Հայրենիքում ևս կազմակերպել հոբելյանական տարեթվի նշումը:

Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարբեր ներեկեղեցական հարցերի: Շվեյցարիայի հայոց թեմում առկա խնդիրների մասին զեկուցեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը և Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Շվեյցարիայի հայոց թեմը հռչակվել է Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից դեռևս 1992 թ. և թեմակալ առաջնորդ է նշանակվել Տ. Վիգեն եպիսկոպոս Այքազյանը: Հայրապետական տնօրինության համար հիմք են ծառայել տեղում գործող ծուխերը և Շվեյցարիայում, ուր գործում է Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը և այլ էկումենիկ կառույցներ, Հայ Եկեղեցու ներկայացուցչության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց Շվեյցարիայի հայոց թեմում նշանակել առաջնորդական տեղապահ ի դեմս Մայր Աթոռի փոխդիվանապետ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանի` ձեռնամուխ լինելու Շվեյցարիայում թեմական կյանքի վերակազմակերպմանը և միաժամանակ ծառայելու իբրև Ժնևի հայ համայնքի հոգևոր հովիվ: Որոշվեց նաև Ժնևի հոգևոր հովիվ Տ. Աբել քահանա Մանուկյանին այլ ծառայության համար հրավիրել Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Ժողովին անդրադարձ կատարվեց Հայ Եկեղեցու կանոնադրության մշակման աշխատանքներին, ինչպես նաև թեմերի կանոնադրություններում Թեմական-ծխական կանոնադրության ուղենշային փաստաթղթի պահանջների ներդրման գործընթացի արդյունքներին:

Տ. Արարատ եպիսկոպոս Գալթակճյանը ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի` մայիսի 7-26-ը Հարավային Ամերիկայի թեմեր կատարելիք այցի կազմակերպական մանրամասները: Անդրադարձ կատարվեց նաև Վրաց Եկեղեցի և Վիրահայոց թեմ Վեհափառ Հայրապետի կատարելիք միջեկեղեցական և Հովվապետական այցին, որը նախատեսված է իրականացնել առաջիկա հունիս ամսին: Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ԳՀԽ անդամներին ներկայացրեցին այցի ծրագիրը:

Հայ Եկեղեցու Եկեղեցասեր երիտասարդաց համազգային կազմակերպության գործունեության հաշվետվությունը ժողովականներին ներկայացրեց կազմակերպության պատասխանատու Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Տեղեկացվեց, որ հուլիսի 7-10-ը Մայր Աթոռում կգումարվի կազմակերպության երկրորդ պատգամավորական ժողովը: Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանք հայտնեց կատարված աշխատանքների համար` մեծապես կարևորելով երիտասարդների քրիստոնեական դաստիարակությանն ուղղված ձեռնարկները:

Գերագույն հոգևոր խորհրդում ուրախությամբ արձանագրվեց, որ ընթացիկ տարում բոլորում է Ամենայն Հայոց Հայրապետի ծննդյան 60-րդ տարեդարձը, որը որոշվեց նշել նոյեմբեր ամսին, Նորին Սրբության գահակալության օրը: Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց ձեռնամուխ լինել Հայ Եկեղեցու հոգևոր սպասավորների պատրաստության հիմնադրամի ստեղծմանը, որը պիտի ծառայի եկեղեցականաց նոր սերնդի կրթության և հոգևորականների ուսումնական ու դաստիարակչական առավել արդյունավետ ծրագրերի իրականացմանը: Հիմնադրամի հաստատման աշխատանքների կազմակերպման նպատակով ձևավորվեց հանձնախումբ:

Ժողովին ներկայացվեցին նաև Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդների հաշվետու զեկույցներ: ԳՀԽ անդամներն իրենց նկատառումները փոխանցեցին ներկայացված տեղեկագրերի վերաբերյալ և գոհունակություն հայտնեցին թեմերի հոգևոր-եկեղեցական կյանքում արձանագրված հաջողությունների առիթով, հաղորդում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---