Իրանից փորձել են շուրջ 1 կիլոգրամ թմրանյութ ներկրել Հայաստան, իսկ Չեխիայից՝ 1,5 կիլոգրամ ոսկյա զարդեր

PanARMENIAN.Net - Օրերս Մեղրիի մաքսակետում իրականացված մաքսային հսկողության ժամանակ կանխվել է մոտ 1250 գրամ «Մետամֆետամին» տեսակի թմրանյութի ապօրինի ներմուծումը հանրապետություն: ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Թեհրան-Երևան երթուղու ուղևոր Համիդ Ռամզանիին և նրա ուղեբեռը ու վերջինիս բաճկոնի պաստառից առգրավել ավելի քան 608 գրամ թմրանյութ: Նույն օրը, նույն երթուղով Իրանից ժամանած մեկ այլ ուղևորի մոտ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները, Մեղրիի մաքսակետում իրականացված մաքսային հսկողության ժամանակ, հայտնաբերել են ավելի քան 638 գրամ «Մետամֆետամին» տեսակի թմրանյութ: Մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրանյութը Իրանի քաղաքացի Սաիդ Մոհամմադին փորձել է տեղափոխել` թաքցնելով բաճկոնի պաստառի մեջ:

Մաքսանենգության մյուս դեպքը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում: Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, հայտնաբերել են մոտ մեկուկես կիլոգրամ ոսկյա զարդեր, որոնց մի մասը` ադամանդե քարերով: Զարդերը, մաքսային հսկողությունից թաքցնելով, փորձել էր ներկրել Պրահա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Արշակ Վարդանյանը, ով ոսկեղենի մեծ մասը թաքցրել էր ուղեբեռում, իսկ մնացածը կրել է պարանոցին և թևին: Ա.Վարդանյանը, անցնելով մաքսային հսկողության «Կանաչ ուղին», չէր հայտարարագրել ոսկյա զարդերը:

Մաքսանենգության դեպք է հայտնաբերվել նաև Թբիլսի-Երևան մարդատար գնացքում: ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները, մաքսային զննության ժամանակ, գնացքի ընդհանուր վագոնում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված ավելի քան 75կգ ընդհանուր քաշով 528 տուփ «Սկումբրիա» և «Սարդինա» տեսակի ձկան պահածո: Կատարվում է քննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---