Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի և վրացերենի դասաժամերը կհավասարեցվեն

Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի և վրացերենի դասաժամերը կհավասարեցվեն

PanARMENIAN.Net - Վրաստանի կրթության և գիտության նախարարի և գերմանական Կոնարդ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 23-27-ը գտնվում էր Թբիլիսիում: Նախարար Ա. Աշոտյանը մասնակցել է Կոնարդ Ադենաուեր հիմնադրամի կազմակերպած` Եվրամիության կողմից իրականացվող «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» տարածաշրջանային ծրագրի աշխատանքներին և հանդես եկել բացման խոսքով:

Այցի շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Շաշկինի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` հայկական դպրոցներում հայերենի դասաժամերն ավելացնելու և դրանց քանակը վրացերենի դասաժամերին հավասարեցնելու շուրջ, ինչպես նաև Հայաստանի մասնագետները այսուհետ կմասնակցեն դասագրքերի` վրացերենից հայերեն թարգմանության աշխատանքներին և կշարունակվի նաև «Հայոց լեզու» առարկայի ուսուցիչների վերապատրաստման աշխատանքները: Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարները ստորագրել են հուշագիր` 2 երկրների ուսանողների համար բուհերում 10 կրթաթոշակներ հատկացնելու վերաբերյալ: Նախարար Ա. Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Կոնարդ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Կատյա Քրիստինա Պլատեի, Վրաստանի կրթության որակի և զարգացման կենտրոնի տնօրեն Դավիթ Կերեսելիձեի, «Ալգորիթմ» ձեռնարկության տնօրեն Գ.Կորոխոշվիլիի հետ: Նախարար Ա. Աշոտյանն այցելել է նաև Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետական համալսարան և հանդիպում ունեցել հայագիտության ֆակուլտետի ուսանողների հետ, ինչպես նաև Թբիլիսիի N 104 հայկական դպրոցում հանդիպել է ուսուցիչների և աշակերտների հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---