Հայաստանի երիտասարդ բնապահպանների համագործակցությունն ավելի դյուրին կդառնա

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և Էկոլոգիական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնները կազմակերպում են «Երիտասարդ բնապահպանների տեղեկատու»-ի շնորհանդեսը, հաղորդում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ մամլո ծառայությունը:

Տեղեկատուի շնորհանդեսը նվիրված է «Անտառների միջազգային տարուն» և ներառվել է տարվա ընթացքում իրականացվող միջոցառումների միջազգային օրացույցի մեջ: 2011թ. ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է “Անտառների միջազգային տարի”, որի շրջանակներում իրականացվող միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը անտառների պահպանման և բնապահպանական այլ խնդիրների մասին:

Տեղեկատուն ստեղծվել է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, Էկոլոգիական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնների և «Նագաո» բնապահպանական հիմնադրամի հետ համատեղ: Այն պարունակում է գրանցված 87 երիտասարդ մասնագետի տվյալներ` անուն, աշխատատեղ, գիտական աստիճան, մասնագիտացում և ոլորտում ունեցած գիտահետազոտական նախասիրություններ, աշխատանքային և բջջային հեռախոսահամարներ, էլեկտրոնային հասցե: Տեղեկատուն նպատակ ունի ոլորտը ներկայացնող մասնագետներին իրար ճանաչելու հնարավորություն ընձեռել, կապ հաստատել նրանց միջև և նպաստել հետագա համագործակցությանը: Տեղեկատուի տպագիր տարբերակն անվճար կտրամադրվի երիտասարդ բնապահպաններին, բնապահպանական հասարակական, գիտակրթական և պետական կազմակերպություններին, իսկ էլեկտրոնային տարբերակը կտեղադրվի նախաձեռնող կազմակերպությունների պաշտոնական կայքերում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---