Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել Հայ կանանց միջազգային միության անդամներին

Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել Հայ կանանց միջազգային միության անդամներին

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին, Ս. Աստվածածնի տոնի նախօրեին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած Հայ կանանց միջազգային միության անդամներին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՀՀ Սփյուռքի նախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց միության նպատակը և գործունեությունըª ի զորացումն ազգային արժեքների, դրանում մեծապես կարևորելով եկեղեցի-պետություն, եկեղեցի-հասարակություն, եկեղեցի-ընտանիք հարաբերությունների ամրապնդումը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց միության անդամներին և շնորհավորեց նրանց առաջիկա տոնի առիթով` մաղթելով, որ հայ կինն իր լուսավոր կերպարով ու հոգու ջերմությամբ ամենուրեք գեղեցկացնի հայ կյանքը: «Փառապանծ կերպար է կերտել հայ կինը պատմության մեջ իր արիությամբ, նվիրումով և հավատարմությամբ ազգային-հոգևոր արժեքներին: Ուրախ ենք, որ այսօր ևս նույն դերակատարությունը փառքով ու պատվով տանում է հայ կինը թե° Հայրենիքում և թե° Սփյուռքում», - նշեց Նորին Սրբությունը:

Անդրադառնալով Ավետման և Մայրության տոների խորհրդին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ դրանք արտահայտությունն են այն ջերմ զգացումների և գիտակցության, որ հայ մարդն ունի հանդեպ հայ կինը, նրա կարևոր առաքելությանը ազգային կյանքում: Նորին Սրբությունը խոսեց նաև եկեղեցի-ընտանիք կարևոր կապի մասին` նշելով, որ Եկեղեցու, հոգևոր արժեքների հանդեպ ընտանիքի կնոջ և մոր կեցվածքով է մեծապես պայմանավորվում հասարակության մեջ բարեփոխումները դեպի բարին, աստվածօրհնյալ և աստվածահաճո կյանքը:

Միության անդամներն իրենց հերթին կարևորեցին Եկեղեցու կարևոր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության գործում, պատրաստակամություն հայտնեցին զորակցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տարբեր ծրագրերում:

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց միության անդամների հարցերին` լուսաբանություններ տվեց հասարկությանը հուզող տարբեր խնդիրների առնչությամբ, հայտնում է Սբ Էջմիածնի մամլո դիվանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---