Երևանում կայացավ հայ կնոջ յուրահատուկ տեղին ու դերին նվիրված կլոր սեղան

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպվել էր «Հայ կնոջ դերը Սփյուռքում» խորագրով կլոր սեղան, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Մասնակցում էին գիտական, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից:

Կլոր սեղանի նպատակն էր բնութագրել և արժևորել հայ կնոջ յուրահատուկ տեղն ու դերը հայ կյանքում, անդրադառնալ Սփյուռքում նրա կատարած ազգապահպան դերին, հայ կնոջ դերին ընդհանրապես` որպես ընտանիքի սրբության, պատվի ու արժանապատվության պահպանողի և նոր սերնդի առաջին դաստիարակի պարտականությունները կատարողի:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորելով հայ կնոջը մայրության և գեղեցկության տոնի առթիվ` տիկին Հ.Հակոբյանը մաղթեց առողջություն և երջանկություն` ընդգծելով կնոջ անգնահատելի դերակատարությունը հայ հասարակությունում:

Այնուհետև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներ Ա.Ստեփանյանն ու Ս.Պողոսյանը զեկուցեցին համապատասխանաբար «Հայրենադարձությունը և հայ կինը» և «Հայ կինը ավանդական և արդի հասարակության մեջ` Հայաստանում և Սփյուռքում» թեմաներով:

Կլոր սեղանի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ կնոջ դերին ազգային ինքնության ձևավորման ու պահպանության գործընթացում, հասարակական- քաղաքական, մշակութային կյանքում, գիտության և կրթության բնագավառում, հայտնել է Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---